Պահածոների 40 տոկոսը մարդու առողջության համար վտանգավոր է. հետազոտություն

16:50   17 հունիսի, 2017

Պահածոների 40 տոկոսում, այնուամենայնիվ, քիմիական նյութ է պարունակվում, որը բացասաբար է ներգործում հորմոնալ համակարգի վրա եւ առողջությանը վտանգ է սպառնում: Խոսքը բիսֆենոլ-A (ВРА) քիմիական նյութի մասին է, որի օգտագործումը վաղուց ի վեր արգելել են մանկական սննդամթերքում եւ ջրի պլաստիկե շշերում՝ օրգանիզմի վրա տոքսիկ ազդեցության պատճառով:

Քիմիական այս նյութը կապված է առողջական մի շարք խնդիրների հետ՝ ներառյալ քաղցկեղը, բնածին արատները, դիաբետը, ճարպակալումը, տղամարդկանց անպտղությունը եւ էնդոմետրիոզը: Պլաստիկե փաթեթներում բիսֆենոլ-A-ի օգտագործումը բացասաբար է ազդում հորմոնալ համակարգի վրա եւ տղամարդկանց մոտ կրծքի մեծացում է առաջացնում: ԱՄՆ Center for Environmental Health-ի փորձագետների նոր հաշվետվության մեջ նշված է, որ ցածր եկամուտներ ունեցող մարդիկ հատուկ ռիսկի խմբում են, քանի որ բոլոր ցածրորակ եւ վտանգավոր պահածոների ավելի քան կեսը վաճառվում է էժանագին պարենային խանութներում:

Հետազոտողները 11 նահանգներում սուպերմարքեթների եւ «դոլարային» խանութների ավելի քան 250 սննդային պահածոների լաբորատոր անալիզ են կատարել: Պարզվել է, որ պահածոների գրեթե 40 տոկոսն այս քիմիական նյութը պարունակել է: Չնայած սա անհանգստացնող արդյունք է, հարկ է նշել, որ 2 տարի առաջ կատարված համանման անալիզով ВРА-ի առկայություն է  հայտնաբերվել պահածոյացված սնունդի 67 տոկոսում: Սակայն 40 տոկոսը եւս բնակչության առողջության համար վտանգ է ներկայացնում: Գիտնականներն ընդգծում են, որ սննդամթերքում բիսֆենոլ-A-ի պարունակությունը անհրաժեշտ է զրոյի հասցնել:

Բիսֆենոլը 1891 թվականին հայտնաբերել են ռուս քիմիկոսները, այն 1957 թվականից օգտագործվել է պլաստիկի պատրաստման ժամանակ: Բիսֆենոլ-A-ի հիմնական վտանգներից մեկն այն է, որ կրկնում է կանացի հորմոն էստրոգենի գործողությունը: Նյութը օրգանիզմ է թափանցում սնունդի միջոցով, որը պահվել է ВРА պարունակող փաթեթներում: Այն օրգանիզմի մեջ է ընկնում նույնիսկ տան փոշին շնչելու միջոցով:



© NEWS.am Medicine