Գեների փոխանցմամբ թերապիան կարող է նախկինում թերագնահատված վտանգներ պարունակել. գիտնականներ

16:50   19 հունիսի, 2017

Գեների փոխանցմամբ թերապիան այսօր համարվում է Ալցհեյմերի, Պարկինսոնի եւ շատ այլ հիվանդությունների բուժման հեռանկարային միջոց: Սակայն այս մեթոդը կարող է պարունակել նախկինում թերագնահատված վտանգներ, զգուշացնում են Վիեննայի (Ավստրիա) Անասնաբուժական համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ գեների փոխանցման համար օգտագործվող վիրուսները ուղեղում տարածվում են թիրախային գոտիների սահմաններից հեռու:

Գեների փոխանցմամբ բուժումը հիմնված է վիրուսների՝ տիրոջ ժառանգական ապարատում ներկառուցվելու հատկության վրա: Այս մեթոդը թույլ է տալիս նյարդային բջիջներին ցանկալի գենետիկ հատկություններ փոխանցել: Սակայն, ինչպես պարզել են ավստրիացի գիտնականները, գեների փոխանցման կիրառվող մեթոդները կարող են վտանգներ պարունակել՝ կապված օժանդակ վիրուսների ավելի հեռու տեղաշարժվելու ունակության հետ, քան ակնկալում են բժիշկները:

Գիտնականները լաբորատոր մկների վրա կատարած փորձերով պարզել են, որ ուղեղի հյուսվածքի մեջ վիրուսների տեղային ներարկման դեպքում, դրանք, պարզվում է, ի վիճակի են ավելի հեռու տարածվել՝ ուղեղի այլ շրջաններ: Օրինակ՝ մեծ կիսագնդերի կենտրոնական շրջանում ներարկման դեպքում վիրուսները հայտնվել են այնպիսի հեռավոր հատվածներում, ինչպիսին են ուղեղիկը կամ հոտառական կոճղեզը: Ըստ որում՝ վիրուսի տեսակից կախված ուղեղի բջիջների վարակումը միատեսակ չի կատարվում: Իմունային ռեակցիան որքան արտահայտված է եղել, այնքան ուժեղ են ախտահարվել գլիալ բջիջները: Առայժմ հայտնի չէ, թե դա ինչ հետեւանքներ կարող է առաջացնել:

Այս հետազոտության մասին հայտնում է Histochemistry and Cell Biology ամսագիրը:



© NEWS.am Medicine