ՄԻԵԴ-ի որոշման շնորհիվ մահացու հիվանդ բրիտանացի փոքրիկը ԱՄՆ-ում փորձարարական բուժում կստանա (ֆոտո)

20:39   19 հունիսի, 2017

Մահացու հիվանդ 10-ամսական տղայի՝ Չարլի Գարդի ծնողները համացանցում են տեղադրել 2 նոր լուսանկար. դրանցից մեկում հայր ու որդի «նշում» են Հայրերի օրը, իսկ երկրորդ լուսանկարում Չարլին պատրաստ է ԱՄՆ մեկնելուն, նա ձեռքի մեջ է սեղմում անձնագիրը եւ վիզան, հայտնում է The Sun-ը:

Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ փոքրիկ Չարլի Գարդը ապրելու, խնամքի եւ բուժվելու իրավունք ունի, եւ չեղյալ է համարել Լոնդոնի Գերագույն դատարանի որոշումն այն մասին, որ այդ ժամանակ 8 ամսական Չարլի Գարդին պետք է անջատեն կենսագործունեության ապահովման սարքերից: Հիմա ծնողները կարող են ԱՄՆ-ում փորձել փորձարարական բուժումը:

Չարլին տառապում է գենետիկ հազվագյուտ հիվանդությամբ՝ միտոքոնդրիալ ԴՆԹ-ի դեպլեցիայի համախտանիշով: Great Ormond Street կլինիկայի բժիշկները, որտեղ Չարլին անցկացրել է իր կյանքի մեծ մասը, դատարանին խնդրել են թույլ տալ երեխային անջատել կենսագործունեության սարքից: Նրանք դատարանում ցուցմունք են տվել եւ հայտարարել, որ երեխայի ուղեղը անհուսալի վնասված է, նա առողջանալու հավանականություն չունի, եւ արդեն փորձել են բուժման բոլոր հնարավոր միջոցները:

Չարլիի ծնողները՝ Քրիս Գարդը եւ Քոննի Յեյթսը, մտադիր են մինչեւ վերջ պայքարել իրենց որդու կյանքի համար: Նրանք անցել են բրիտանական դատական համակարգի վերաքննիչ դժոխքի բոլոր օղակներով, երեխայի բուժման համար քրաուդֆանդիգային հարթակում 1,3 մլն ֆունտ են հավաքել եւ ցանկանում են ԱՄՆ-ում փորձարարական բուժում ստանալ: Վերաքննելուց հետո դատավորները նրանց մի քանի շաբաթ են տրամադրել երեխային հրաժեշտ տալու համար, իսկ հոսպիտալը, ինչպես հայտնել է Daily Mail-ը, Գարդ ընտանիքի համար տանիքում խնջույք է կազմակերպել, որտեղ կարելի էր տանել նաեւ երեխային՝ նրան սարքից չանջատելով:

Գարդերն, ի դեպ, այս ժամանակից օգտվել են նաեւ ՄԻԵԴ դիմելու համար:

Չարլի Գարդը տառապում է միտոքոնդրիալ ԴՆԹ-ի դեպլեցիայով. հազվագյուտ հիվանդություն, որն առաջացնում է պրոգրեսիվ մկանային թուլություն, որը «երեխայի մկաններից եւ օրգաններից էներգիան արտածծում է», ինչպես հայտնում է Daily Mail-ը: Չարլին անկարող է առանց հատուկ սարքերի ինքնուրույն շնչել, նա չի տեսնում (չնայած համացանցում մոր տեղադրած լուսանկարներում երեխան բաց աչքերով է, եւ նա պնդում է, որ երեխան արձագանքում է արեգակին, լույսին, քամուն եւ երաժշտությանը):

Հիմա Քրիս Գարդը եւ Քոննի Յեյթսը պատրաստվում են որդուն ԱՄՆ տանել, որտեղ կկատարվի թանկարժեք փորձարարական բուժում: Խոսքը նուկլեոզիդային թերապիայի մասին է (nucleoside bypass therapy): Ծնողները հույս ունեն, որ այն կգործարկի ԴՆԹ-ի վերանորոգման բնական պրոցեսը, իսկ դրանից հետո երեխային անհրաժեշտ նյութերը կսկսեն արտադրվել:

ԱՄՆ-ում նուկլեոզիդային թերապիայով արդեն 18 մարդ բուժվել է, ճիշտ է՝ այս դեպքում բժիշկները կասկածներ ունեն. Չարլիի դեպքը չափազանց ծանր է:

Ի դեպ, ծնողները հույսեր չեն փայփայում, որ նա լիովին զարգացած կլինի, կսկսի ուրախ վազվզել եւ Շեքսպիր արտասանել, բայց դա բավարար պատճառ չեն համարում, որպեսզի Չարլին մահանա:



© NEWS.am Medicine