4 տարեկանում քաղցկեղով հիվանդացած տղան այսօր դպրոց է հաճախում՝ նրա սիրելի առարկաներից է մաթեմատիկան

22:35   19 հունիսի, 2017

Երբ Վահեի մոտ հայտնաբերվեց սուր լիմֆոբլաստային լեյկոզ, նա ընդամենը 4 տարեկան էր: Այսօր Վահեն արդեն 8 տարեկան է. նա դպրոց է հաճախում, ընկերների հետ խաղում եւ ապրում սովորական երեխայի կյանքով: Միայն այն տարբերությամբ, որ ժամանակ առ ժամանակ ստիպված է անալիզներ հանձնել. առողջանալուց հետո առաջին 5 տարիներին այս անալիզներն անհրաժեշտ են համոզվելու համար, որ հիվանդությունը չի վերադառնում:

2013 թվականի մայիսին Վահեի ծնողները նկատեցին, որ նրա հետ ինչ-որ բան այնպես չէ. առանց որեւէ պատճառի երեխայի ջերմությունը բարձրանում էր, իսկ դեմքը գունատվում, ասես անգույն դառնում: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վահեի հայրը՝ Սուրեն Մելքոնյանը, այս ախտանիշները նկատելով՝ իրենք երեխային բժշկի են տարել հայրենի Գյումրիում: Վահեի մոտ թոքաբորբ են կասկածել, որի դեմ էլ սկսել են նրան բուժել: Սակայն երեխայի արյան անալիզները բժշկին անհանգստացրել են, եւ նա ծնողներին խորհուրդ է տվել երեխային տանել Երեւանի պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:

Ծնողները չեն ստիպել իրենց համոզել՝ անմիջապես երեխայի հետ Երեւան են ուղեւորվել, այստեղ արյան անալիզ են հանձնել: Ախտորոշումը բավական արագ է կատարվել՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Այս անալիզները հանձնել են նաեւ Մոսկվայի Դմիտրի Ռոգաչեւի անվան  մանկական արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի ազգային գիտագործնական կենտրոնում, որտեղ ախտորոշումը հաստատվել է:

Վահեն բուժումն արդեն Հայաստանում է ստացել. 8 ամիս նա քիմիաթերապիա է ստացել Եվրոպայում օգտագործվող սխեմաներով:

Սուրեն Մելքոնյանի խոսքով՝ բուժանձնակազմն իր որդու հանդեպ անչափ ուշադիր էր՝ յուրաքանչյուր բժիշկ, յուրաքանչյուր բուժքույր, բոլորը նրա համար անում էին այն ամենը, ինչ կարողանում էին: Մեծ օգնություն ցույց տվեց նաեւ «Նվիրիր կյանք» հիմնադրամը, որն օգնեց թանկարժեք դեղեր ձեռք բերել, որոնք Հայաստանում չկան. ստիպված էին արտասահմանում գնել եւ բերել: Հիմնադրամը հիվանդ երեխաների համար նաեւ զվարճալի միջոցառումներ էր կազմակերպում, որոնց Վահեն մի քանի անգամ մասնակցել է: Այս բոլոր միջոցառումները, Սուրեն Մելքոնյանի խոսքով, երեխաներին օգնել են մոռանալ բուժման հետ կապված դժվարությունները եւ այն հեշտ հաղթահարել:

Սուրեն Մելքոնյանի կարծիքով՝ բժիշկները եւ բարեգործական կազմակերպությունները, ինչպիսին «Նվիրիր կյանք» հիմնադրամն է, իր որդուն երկրորդ կյանք են նվիրել. Վահեն վերապրել է, հիմա ռեմիսիայի մեջ է՝ որը հաստատելու համար տարեկան մի քանի անգամ ստիպված է անալիզներ հանձնել:

Վահեն այժմ երկրորդ դասարանում է սովորում: Դպրոցական առարկաներից նրան ամենից շատ դուր են գալիս հայոց լեզուն եւ մաթեմատիկան:



© NEWS.am Medicine