Կինը ծննդաբերել է Սաուդիան Արաբիայից Հնդկաստան թռչող օդանավում

19:41   19 հունիսի, 2017

Հնդկական Jet Airways ավիաընկերության օդանավում փոքրիկ է ծնվել, հայտնում է The Times of India-ն: Նա ավիաընկերության չվերթներով անվճար թռչելու ցմահ իրավունք է ստացել:

Փոքրիկի մոր՝ Չիչիմոլ Ջոսեի մոտ երկունքի ցավերը սկսվել են հունիսի 18-ին՝ Սաուդյան Արաբիայից Հնդկաստան չվերթի ժամանակ: Կինը հղիության 30-րդ շաբաթում էր:

Երբ նրա մոտ երկունքի ցավերը սկսվել են, օդաչուները արտահերթ վայրէջք կատարելու որոշում են ընդունել: Երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Քոչի քաղաք թռչող օդանավն ուղարկել են Մումբա:

Սակայն Ջոսեն հասցրել է ծննդաբերել վայրէջքից մոտ կես ժամ առաջ: Օդանավի ուղեւորների թվում բժիշկ է եղել, որը ուղեկցորդուհիների հետ ճանապարհորդ կնոջն օգնություն է ցույց տվել: Ծնունդը բարեհաջող է անցել: Վայրէջքից հետո մորն ու նորածնին հիվանդանոց են տեղափոխել:

Jet Airways-ը իր օդանավերով կանանց թույլ է տալիս ճանապարհորդել ընդհուպ մինչեւ հղիության 36-րդ շաբաթը: Սակայն դրա համար նրանք պետք է բժշկական վկայական ներկայացնեն, որը կհաստատի, որ ի վիճակի են թռիչքը հաղթահարել:

2016 թվականի սեպտեմբերին համանման դեպք է տեղի ունեցել լիբիական Buraq Air ավիաընկերության չվերթի ժամանակ: Օդանավում լույս աշխարհ եկած երեխան նույնպես ավիափոխադրողի ցմահ «անցատոմս» էր ստացել:



© NEWS.am Medicine