Հակամանրէային նյութերն ավելի շատ վնասում են, քան օգնում. Հայտարարություն

14:06   22 հունիսի, 2017

Ոչ մի ապացույց չկա, որ, այսպես կոչված, հակամանրէային քիմիական նյութերն իսկապես կանխում են հիվանդությունների առաջացումը: Այս մասին նշված է հայտարարության մեջ, որը ստորագրել են ավելի քան 200 գիտնականներ եւ բուժմասնագետներ: Փաստաթուղթը, որով կոչ է արվում կարգավորել այս նյութերի օգտագործումը, կոչվում է «Ֆլորենտական հայտարարություն» (Florence Statement):

Գիտնականները նախազգուշացնում են, որ նման նյութերը կարող են մաբողջությամբ մարդու առողջությունը եւ շրջակա միջավայրը վնասել:

Փորձագետների կարծիքով` աշխարհի երկրները եւ կարգավորող մարմինները պետք է զգույշ վերաբերվեն 2 հակաբակտերիալ քիմիական նյութերի երկարաժամկետ հետեւանքներին: Դրանք սովորաբար ավելացվում են հիգիենայի շատ պարագաների (օրիակ` օճառի) կամ իրերի մեջ (մանկական խաղալիքներ):

Մասնագետներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են 2 հակաբակտերիալ միացությունների վրա` տրիկլոզանի եւ տրիկլոկարբանի (triclocarban): Երկու նյութն էլ սկսել են օգտագործել 1960-ական թվականներից, եւ այսօր դրանք կարելի է գտնել շատ արտադրանքների` լվացող միջոցների կամ ատամի մածուկների բաղադրության մեջ: Փաստաթղթում նշված է, որ բավականին ապացույցներ չկան, որ այս քիմիական նյութերի օգտագործումն անվտանգ է կամ առավել եւս արդյունավետ:

Մասնագետները վկայակոչում են հետազոտությունները, որոնցով պարզվել է, որ տրիկլոզանը կարող է մարդկանց ալերգիայի եւ ասթմայի նկատմամբ ավելի ընկալունակ դարձնել: Գիտական հետազոտություններով առավել հաճախ են պարզվում, որ քիմիական երկու նյութն էլ կարող են շրջակա միջավայրում երկար ժամանակ պահպանվել, ինչը թույլ է տալիս տարածվել հողի, ջրամբարների, վայրի կենդանիների օրգանիզմի եւ նույնիսկ կրծքի կաթի մեջ:

Տրիկլոզանը ամենատարածված սպառողական հակաբակտերիալ բաղադրիչն է: Հետազոտողները նրա հետքերը հայտնաբերել են կերակրող կանանց կրծքի կաթի նմուշների 97 տոկոսում եւ (թեստավորմանը մասնակցած) մարդկանց գրեթե 75 տոկոսի մեզի մեջ:

Եվ, բնական է, վախ կա, որ նման միջոցները կարող են նպաստել սուպերբակտերիաների թվի ավելացմանը, որոնք հակաբիոտիկների նկատմամբ կայունություն են զարգացնում:

«Մարդիկ մտածում են, թե հակամանրէային օճառը տարբեր հիվանդություններից լավագույն պաշտպանություն է ապահովում: Սակայն, ընդհանրապես հակամանրէային օճառը սովորական օճառից եւ ջրից ավելի լավը չէ»,- ասում է Սան Ֆրանցիսկոյի համալսարանի էկոլոգիական առողջության պրոֆեսոր Բարբարա Սաթլերը:

Տեղեկություններ կան նաեւ, որ քիմիական այս նյութերը կարող են խախտել հորմոնալ համակարգի աշխատանքը, ինչը հնարավոր ազդեցություն կունենա ֆիզիկական զարգացման, սեռական հասունացման եւ վերարտադրողականության վրա:

Մասնավորապես` պարզվել է, որ օրգանիզմի վրա տրիկլոզանի ազդեցությունը կարող է ծանր հետեւանքներ ունենալ. նույն մոլեկուլյար մեխանիզմների միջոցով, որոնք դիտվում են նաեւ մարդկանց մոտ, այն լաբորատոր մկների լյարդի ֆիբրոզ եւ քաղցկեղ է առաջացնում:

Հատկապես այս պատճառներից ելնելով` ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտար հսկողության վարչությունը (FDA) 2016 թվականին արգելել է այս միացությունների օգտագործումը ձեռքերի լվացման եւ մարմնի խնամքի մի քանի միջոցներում: Տրիկլոզանի մասնակի արգելք է գործում նաեւ Եվրամիության երկրներում:

Հետազոտողները պնդում են, որ նույնիսկ FDA-ի արգելքը բավական չէ, քանի որ այս բաղադրիչներն ավելացնում են նաեւ այլ միջոցների մեջ, որոնց վրա արգելքը չի տարածվում: Խոսքը դպրոցական պարագաների եւ գորգերի մասին է:

Այնուամենայնիվ, դեռեւս մինչեւ վերջ պարզ չէ` նշված նյութերը մարդու օրգանիզմի վրա նույնքա՞ն բացասաբար են ազդում, որքան լաբորատոր կենդանիների վրա:

Այսպես` Colgate ընկերության մասնագետները, որը մինչ օրս ատամի իր մածուկներում տրիկլոզան է օգտագործում, պնդում են, որ քիմիական նյութը մարդու համար անվտանգ է, հայտնում է The News Scientist պարբերականը: Մյուս ընկերությունները (օրինակ` Procter & Gamble-ը) նույնպես համաձայն են, որ քիմիական նյութն անվտանգ է: Այսուհանդերձ, նրանք աշխատում են այն իրենց արտադրանքից հանելու ուղղությամբ` ըստ FDA-ի կարգավորման նոր կանոնների:

Մասնագետների հայտարարությունը հրապարակվել է Environmental Health Perspectives ամսագրում:



© NEWS.am Medicine