Շոգին ինչպե՞ս ճիշտ զբաղվել վազքով

13:26   23 հունիսի, 2017

Շոգն ինքնին առողջության համար վտանգավոր է, իսկ շոգին սպորտով զբաղվելը մարդկանց մեծ մասի համար կրկնակի վտանգավոր է: Սակայն նախազգուշական միջոցառումներ պահպանելու դեպքում վազքով եւ ֆիտնեսով կարելի է զբաղվել նույնիսկ +35С ջերմաստիճանի դեպքում:

Նախամարզում

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հատկապես շոգին չափազանց անցանկալի է առանց նախնական մարզումների: Ուստի մինչեւ վազել սկսելը լավ նախամարզում կատարեք, թող մարմինն ընտելանա օդի ջերմաստիճանին եւ բեռնվածությանը նախապատրաստվի:

Ջուր

Ցանկացած մարզման ժամանակ անհրաժեշտ է բավարար քանակով ջուր խմել օրգանիզմի ջրազրկումից խուսափելու համար: Շոգին փողոցում մարզվելիս անհրաժեշտ է ավելի շատ ջուր խմել, քան զով շենքում մարզվելիս:

Ժամանակ

Պետք չէ վազքով զբաղվել օրվա ամենաշոգ ժամանակահատվածում` ժամը 11:00-ից մինչեւ 15:00-ն: Աշխատեք վազել կամ առավոտյան, երբ համեմատաբար զով է (բայց ոչ արթնանալուց անմիջապես հետո), կամ երեկոյան:

Հագուստ

Փորձագետները խորհուրդ են տալիս շոգ եղանակին վազելիս «շնչող» նյութերից պատրաստված թեթեւ հագուստ հագնել: Ավելի լավ է ցանկացած սինթետիկ հագուստից հրաժարվել, որի մեջ ավելի շոգ կլինի: Մի’ մոռացեք գլխարկ դնել:

Արագություն

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել վազքի արագությանը. խորհուրդ է տրվում շոգին ավելի դանդաղ վազել, քան զով եղանակին:

Կանգառ

Շոգին մարզումներն արագ կարող են ջրազրկման եւ գերտաքացման հանգեցնել, որը մկանային սպազմներ, ավելորդ քրտնարտադրություն, գլխացավեր, սրտխառնոց եւ գլխապտույտ է առաջացնում: Վերջապես` մարդը կարող է ջերմային հարված ստանալ, որն ամենատխուր հետեւանքներով է սպառնում: Ահա թե ինչու կարեւոր է ունկնդրել սեփական օրգանիզմին եւ իմանալ, թե երբ է անհրաժեշտ կանգ առնել:



© NEWS.am Medicine