Ճարպերն այրող հաբերը սպանել են նիհարել երազող կնոջը

15:34   23 հունիսի, 2017

Չորս երեխաների մայր 50-ամյա Լինդա Բարանովսկին վախճանվել է ճարպերն այրող հաբեր եւ հակացելյուլիտային կրեմներ օգտագործելուց հետո, որոնք նա համացանցում է ձեռք բերել:

Իր 50-ամյա հոբելյանի նախաշեմին Լինդան սկսել է անհամարժեք վերաբերվել սեփական արտաքինին: Նիհարել ցանկանալով` նա Facebook-ի միջոցով գնել է T5 ճարպեր այրող հաբեր եւ հակացելյուլիտային Yili Balo կրեմ: Լինդայի 29-ամյա դուստրը պատմել է, որ այս միջոցների օգտագործումից հետո նրա մաշկն ալ կարմիր է դարձել եւ սկսել թեփոտվել, որը կարող էր վկայել ալերգիկ ուժեղ ռեակցիայի մասին:

Մեկ անգամ կինը գիտակցությունը կորցրել է որովայնի ուժեղ ցավերի ֆոնին: Նրան հոսպիտալացրել են, միացրել արհեստական շնչառության սարքին, սակայն 5 շաբաթ հետո Լինդա Բարանովսկին վախճանվել է: Ախտաբանների կարծիքով` մահվան պատճառը նիհարելու հաբերի հետեւանքով առաջացած բորբոքային ռեակցիան էր:

Ոստիկանությունը հետաքննություն է կատարել եւ հայտնաբերել համացանցում այս միջոցները վաճառողին: Պարզվել է, որ նրա գնորդներից երկուսը նույնպես բողոքել են կրեմն օգտագործելուց հետո այրոցի զգացումից: Վաճառողը կասկածելի որակի ապրանքն իր հերթին ձեռք էր բերել համացանցային eBay հարթակի միջոցով:

Լինդայի ամուսինը հայտարարել է, որ համանման դեղամիջոցների շուկան ավելի խիստ կարգավորման կարիք ունի, քանի որ դրանք կարող են մարդկանց առողջությանը լուրջ վտանգ սպառնալ: Սակայն նման միջոցների հանրաճանաչությունը մշտապես աճում է, քանի որ արագ արդյունք են խոստանում եւ գնի տեսակետից շատ մատչելի են:



© NEWS.am Medicine