Եվրոպացի մասնագետներ. Օնկոգինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար Հայաստանից մեկնելու կարիք չկա

18:45   23 հունիսի, 2017

Հայաստանում վերջերս տեղի ունեցած ESGO-ի (European Society of Gynaecological Oncology) սեմինարի ժամանակ «Նաիրի» բժշկական կենտրոնի թիմը` օնկոլոգիական գինեկոլոգիայի ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանի ղեկավարությամբ ներկայացրեց արգանդի վզիկի քաղցկեղի բուժման նոր մեթոդը` առանց ճառագայթային թերապիայի կիրառման: Խոսքը վերաբերում է տոտալ մեզոմետրիալ ռեզեկցիային (TMMR), որը մշակվել է Լեյպցիգի (Գերմանիա) համալսարանական կլինիկայում, եւ որի հետ կիրառվում է միայն քիմիաթերապիա: Այս վիրահատությունն արդեն ստանդարտ է ճանաչվել Գերմանիայի մի շարք առաջատար կլինիկաներում:

Արտեմ Ստեփանյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ այս վիրահատության դեպքում ապրելիության արդյունքները միջին ցուցանիշներից 15-20 տոկոսով բարձր են: «Նաիրի» ԲԿ-ում նոր մեթոդը կիրառվում է 2015 թվականից: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին նաեւ ձվարանների եւ էնդոմետրիումի քաղցկեղի ախտորոշման ու բուժման նոր մոտեցումները: ESGO-ի առաջատար մասնագետները` նորընտիր նախագահ Դենի Քյորլյոն եւ վարչության անդամ Դիմիտրիոս Հայդոպոուլոսը, առաջարկեցին «Նաիրի» ԲԿ-ում կատարված վիրահատությունները ընդգրկել ESGO-ի անդամների համար նախատեսված ուսումնական ձեռնարկների մեջ: Արտեմ Ստեփանյանի խոսքով` եվրոպացի հյուրերն ընդունել են, որ օնկոգինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար հայ կանանց անիմաստ է արտասահմանյան կլինիկաներ դիմել, քանի որ այստեղ նրանց եվրոպական մակարդակի բուժում է առաջարկվում: «Սրա մասին մենք մշտապես ասում ենք: Սակայն մի հարց է, երբ մենք ենք ասում, եւ այլ հարց` երբ եվրոպացի առաջատար մասնագետները»,- հավելեց բժիշկը:

Արտեմ Ստեփանյանի պարզաբանմամբ` մայիսի վերջին Ծաղկաձորում անցկացված սեմինարը Հայաստանում ESGO-ի երրորդ հանդիպումն է: Այս սեմինարում շեշտադրումն ավելի շատ կատարվեց քաղցկեղի բուժման վիրահատական հատվածի վրա, այդ պատճառով Եվրոպայից հրավիրվել էին ականավոր վիրաբույժ օնկոգինեկոլոգներ Դենի Քյորլյոն եւ Դիմիտրիոս  Հայդոպոուլոսը:

Արտեմ Ստեփանյանի խոսքով` սեմինարի նպատակն էր Հայաստանի տարբեր կլինիկաների մասնագետներին ծանոթացնել Եվրոպայում կիրառվող մեթոդներին, ինչպես նաեւ եվրոպացիներին ցույց տալ, թե ինչ ենք կարողանում մենք:

«Մենք վերցրել ենք օնկոլոգիական գինեկոլոգիայի 4 հատվածներ` գիստոլոգիական անալիզ, ռադիոլոգիական ախտորոշում, քիմիաթերապիա եւ վիրաբուժություն: Եվ ըստ բոլոր հատվածների ներկայացրել ենք ժամանակակից մոտեցումները: Ըստ որում` զեկույցներով են հանդես եկել հավասարապես ե’ւ Հայաստանից մեր մասնագետները, ե’ւ եվրոպացիները, բանավեճ է ընթացել եւ կարծիքների փոխանակում»,- ասաց նա:

Խոսելով այն մասին, որ հայկական տարբեր կլինիկաների մասնագետների միջեւ որոշակի տարաձայնություններ կան` կապված կանացի վերարտադրողական օրգանների քաղցկեղի բուժման մեթոդների հետ, Արտեմ Ստեփանյանը նշեց, որ բժիշկների միջեւ տարաձայնություններ միշտ են եղել եւ ամենուր: «Տարաձայնությունները բժշկության մեջ նորություն չեն: Սա մաթեմատիկա չէ, եւ տաբեր մոտեցումներ են հնարավոր: Պարզապես, մեր մասնագետներից շատերի հիմնական խնդիրն այն է, որ նրանք դեռեւս աշխատում են խորհրդային հին դասագրքերով: Իսկ մենք փորձում ենք այս ոլորտը հասցնել  համաշխարհային ստանդարտներին»,- հավելեց նա:

Արտեմ Ստեփանյանի խոսքով` ժամանակակից ստանդարտների կիրառման համար երեք կարեւոր բան է անհրաժեշտ: Առաջին` կադրային պոտենցիալ, որի կրթական մակարդակը համապատասխանում է միջազգայինին: Երկրորդ` հիվանդանոցի հագեցվածություն, որը թույլ է տալիս բուժումը կազմակերպել միջազգային մակարդակով: Երրորդ` մենեջմենթ, որը պետք է այս ամենը կազմակերպի: «Ուռուցքաբանությունը բազմաճյուղ խնդիր է, եւ եթե դու մենակ ես, ապա որքան էլ լավ մասնագետ լինես, ոչինչ չի ստացվի»,- ասաց նա:

Արտեմ Ստեփանյանը հավելեց, որ «Նաիրի» ԲԿ-ում շեշտը դրվում է լապարոսկոպիկ օնկոլոգիական վիրահատությունների վրա, մինչդեռ այլ կենտրոններում դեռեւս հիմնականում բաց վիրահատություններ են կատարվում: Նրա խոսքով` Հայաստանում լապարոսկոպիկ վիրաբուժությունը բավականին զարգացած է այլ ոլորտներում, եւ արդեն ժամանակն է դրա կիրառման շրջանակներն ընդլայնել օնկոլոգիական գինեկոլոգիայում: Հատկապես այս պատճառով էր սեմինարին հրավիրվել Դենի Քյորլյոն, որն աշխարհում լապարոսկոպիկ օնկոգինեկոլոգիայի հիմնադիրն է, եւ նրա անունով են կոչվում վիրահատություններն ու վիրաբուժական միջամտությունների որակավորումները:

«Մենք շեշտը սրա վրա ենք դրել, վիրահատությունների տեխնիկայի: Մեծ նշանակություն ունի հիվանդի կյանքի որակը: Ներկայիս օնկոլոգիայի հիմնական նշանաբանն է` կարելի է շատ լավ արդյունքների հասնել, հիվանդին հաշմանդամի չվերածելով: Մեկ բան է, երբ հիվանդին կտրատում ես լայնքով ու երկայնքով, եւ այլ բան` երբ կատարում ես 3-4 անցք, եւ մարդը 3 օր հետո շատ մեծ վիրահատությունից հետո տուն է գնում: Սա մի քանի նպատակ է հետապնդում: Առաջին` կյանքի որակը, երկրորդ` լապարոսկոպիկ վիրահատությունից հետո հնարավոր է քիմիաթերապիան ավելի վաղ ստանալ»,- ընդգծեց Արտեմ Ստեփանյանը:

Բժիշկը նշեց, որ սեմինարի ավարտից հետո եվրոպացի հյուրերն այցելել են «Նաիրի» ԲԿ եւ տեղում ծանոթացել օնկոլոգիական գինեկոլոգիայի ծառայության աշխատանքի մեթոդներին ու մոտեցումներին:

Սեմինարն անցկացվել է մայիսի 27-28-ը` Ծաղկաձորում: Արտեմ Ստեփանյանի հետ միասին սեմինարը կազմակերպել էր «Դավիդյանց լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնը: Սեմինարի մասնակիցները կստանան ՇՄԶ 10 կրեդիտ:



© NEWS.am Medicine