Էբբին դեռեւս ողջ է նրա մեջ. Զոհված աղջկա հայրը նրա սրտի զարկը լսել է տղամարդու կրծքավանդակում, ում այն փոխպատվաստել են

15:55   24 հունիսի, 2017

Բիլ Քոները հեծանիվով 1400 մղոն է անցել` հանդիպելու այն տղամարդուն, ում փոխպատվաստել են իր զոհված դստեր սիրտը: Արցունքն աչքերին ստետոսկոպի միջոցով նա լսել է, թե ինչպես է Էբբիի սիրտը բաբախում անծանոթ տղամարդու` Լոմոնդ Ջեք կրտսերի կրծքավանդակում, որը սրտի տագնապ է ունեցել եւ ընդամենը 10 օրվա կյանք ուներ, եթե դոնոր չգտնվեր:

Բիլ Քոների դուստրը զոհվել է, երբ տակավին 20 տարեկան էր: Նրան եւ եղբորը անգիտակից վիճակում են գտել Մեքսիկայի Կանկունի առողջարանի լողավազանում: Նրանց անմիջապես առաջին օգնություն են ցուցաբերել, սակայն աղջիկը ողջ չի մնացել. նա ջրում բավականին երկար էր մնացել, եւ նրա ուղեղը անվերականգնելի վնասվածքներ էր ստացել:

Նրան մի քանի օր պահել են կենսապահովման սարքերով. նրա վերականգնման հույս չկար, սակայն սա բժիշկներին հնարավորություն է տվել նրա օրգանները կենսունակ պահել եւ հետո փոխպատվաստել 20-60 տարեկան 4 հիվանդների, որոնք շտապ փոխպատվաստման կարիք ունեին:

Նման հիվանդներից մեկը Լոմոնդ Ջեքն էր, որը ստացել է նրա սիրտը:

Լոմոնդ Ջեքին հանդիպելով` Էբբիի հայրը գրկել է նրան եւ լսել, թե նրա կրծքավանդակում ինչպես է բաբախում Էբբիի սիրտը:

«Դե, այն հաստատ աշխատում է,- այնուհետեւ կատակել է նա: - Հաճելի է մտածել, որ նա (Ջեքը) ողջ է Էբբիի շնորհիվ: Էբբին դեռեւս ողջ է նրա մեջ. նրա սրտի շնորհիվ է նա ոտքերի վրա կանգնած»:



© NEWS.am Medicine