Մանկության տարիների ինֆեկցիոն հիվանդությունները կարող են գլյուտենի չհանդուրժման պատճառ դառնալ

19:48   26 հունիսի, 2017

Մինչեւ մեկ տարեկան դառնալը ինֆեկցիոն հիվանդություններով ախտահարվելը կարող է ավելի մեծ տարիքում ցելիակիայի (գլյուտենի չհանդուրժում) պատճառ դառնալ: Այս մասին հայտնում են Institute for Diabetes Research at Helmholtz Zentrum Munchen-ի (Գերմանիա) գիտնականները:

Նրանց խոսքով` ցելիակիայի առաջացման հավանականությունն ամենից ավելի է մեծանում աղեստամոքսային համակարգի ինֆեկցիաների հետեւանքով:

American Journal of Epidemiology ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում մասնագետները վերլուծել են 2005-2007 թվականներին ծնված 295,420 երեխաների տվյալները եւ պարզել, թե ինֆեկցիոն որ հիվանդություններով են երեխաները հիվանդացել ծնվելուց մինչեւ 8,5 տարեկան դառնալը: Գլյուտենի անհանդուրժողություն է զարգացել 853 երեխաների մոտ:

Հետազոտողները պարզել են, որ կյանքի առաջին տարվա ընթացքում աղեստամոքսային համակարգի ինֆեկցիաները էապես մեծացրել են ապագայում ցելիակիայի առաջացման հավանականությունը: Գիտնականների խոսքով` հարցը ոչ թե ինչ-որ յուրահատուկ ախտածինն է, այլ աղեստամոքսային համակարգի մշտական բորբոքումը: Դրանից բացի, պարզվել է, որ ցելիակիայի առաջացման հավանականությունը մեծացնում են նաեւ շնչուղիների ինֆեկցիաները:



© NEWS.am Medicine