Գիտնականները խորհուրդ են տալիս կարեւոր որոշումներ ընդունելուց առաջ լիարժեք քնել

22:17   28 հունիսի, 2017

Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի կանադացի գիտնականները ամբողջ աշխարհից կամավորների են հրավիրում մասնակցելու մարդկային ուղեղի գործունեության խոշորագույն հետազոտությանը` պարզելու համար, թե ինչպես է ուղեղի աշխատանքի վրա ազդում քնի պակասը: Այս մասին հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

«Բոլորին ծանոթ են զգացողությունները, որոնք առաջանում են քնի պակասի դեպքում, սակայն մենք քիչ բան գիտենք, թե նման պակասն ինչպես է ազդում ուղեղի վրա»,- գիտական խնդիրը պարզաբանել է հետազոտության ղեկավար բրիտանացի պրոֆեսոր նյարդաբան Էդրիան Օուենը:

Գիտնականները պետք է պարզեն, թե ինչպես է աշխատում տարբեր խմբերի մարդկանց ուղեղը` կախված քնի լիարժեքությունից կամ պակասից: Կամավորներին առաջարկում են համացանցում թեստերի շարք անցնել` իրենց տրամաբանական մտածողությունը, լեզվաբանական հմտությունները եւ ճիշտ որոշումներ ընդունելու կարողությունը գնահատելու համար: Հետազոտողների կարծիքով` եթե հաջողվի հավաքել բավարար թվով կամավորների, իրենք կկարողանան քնի տեւողության վերաբերյալ հրահանգներ մշակել, որոնք կապահովեն ուղեղի ավելի արդյունավետ աշխատանքը:

Կամավորներին առաջարկվող թեստերը հասանելի են ցանկացած սարքով, որն ինտերնետին է միացված: Օրինակ` դրանցից մեկի ժամանակ պահանջվում է սեղմել ներքեւում տեղադրված բառը, որը համապատասխանում է գույնին, որով վերեւում գրված է բառը: Եթե վերեւում «կապույտ» բառն է, բայց այն կարմիր գույնի է, անհրաժեշտ է սեղմել ներքեւի բառը, որը կարմիրով է գրված: Կարծես թե ամեն ինչ պարզ է, սակայն գորշ նյութը պետք է մշակել:

Մեկ ուրիշ թեստ բարդանում է այն բանի համեմատ, թե կամավորն ինչպես է փորձում հայտնաբերել այն պատկերը, որը չի համապատասխանում ընդհանուր շարքի նշաններին: Իսկ թեստը տարածական ծրագրմամբ չափում է տեղեկատվության մշակման հմտությունները, որոնք առօրյա կյանքում են օգտագործվում:

Այս փորձերն առաջարկել է կամավորների խմբերից մեկը, որոնք ստիպված են եղել համալսարանի սենյակներից մեկում արթուն մնալ մինչեւ առավոտյան ժամը 4-ը` հաջորդող 4-ժամյա քնով: Նրանցից մեծ մասի արդյունքները առավոտյան զգալիորեն ավելի վատ են եղել, քան նախօրեին երեկոյան:

Փորձարկվողների ուղեղը սքանավորել են, եւ պարզվել է, որ անքուն գիշերից հետո ուղեղի ակտիվությունը զգալիորեն նվազած է`պատկերի վրա ավելի քիչ պրոցեսներ են դիտարկվել: Ինչո՞վ է սա սպառնում:

«Բացառված չէ, որ քնի պակասը կարող է էապես ազդել որոշումներ ընդունելու վրա: Լիարժեք չքնելուց հետո, հնարավոր է, արժի խուսափել այնպիսի կարեւոր որոշումներ կայացնելուց, ինչպիսին է բնակարան գնելը կամ ամուսնանալը»,- կարծում է պրոֆեսոր Օուենը:

Բոլորին հայտնի է, որ լավ չքնելուց հետո մեքենայի ղեկին նստել չի կարելի, քանի որ ռեակցիան արգելակվում է, եւ ընդհանրապես հնարավոր է մեքենան վարելիս քնել: Սակայն պակաս քնելու քիչ հայտնի, բայց ոչ պակաս նենգ հետեւանքների մասին է’լ ավելի քիչ է հայտնի: Այս պատճառով գիտնականները տագնապով են խոսում այն մասին, որ ժամանակակից մարդու քնի համար  ավելի քիչ է ժամանակ մնում: Ստացվում է, որ քաղաքակրթության զարգացումը բնության օրենքներին դեմ է գնացել, որոնց համաձայն մարդը պետք է քնած անցկացնի կյանքի երրորդ մասը:



© NEWS.am Medicine