Հայաստանի շատ բժշկական կենտրոններ են հագեցած ժամանակակից սարքավորումներով. ռուսաստանցի ռադիոլոգ

19:49   28 հունիսի, 2017

Հայաստանի շատ բժշկական կենտրոններ են հագեցած լավ ժամանակակից սարքավորումներով, որոնք օգտագործվում են աշխարհի բոլոր զարգացած երկրներում: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մոսկվայի Ա.Ի. Եվդոկիմովի անվան պետական բժշկաատամնաբուժական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Վասիլեւը:

«Մեր հայ գործընկերներն աշխատում են նույնպիսի տեխնիկայով, ինչով եւ մենք: Այստեղ իսկապես շատ են ժամանակակից սարքավորումները: Ժամանելով Հայաստան` մենք տեսնում ենք նույն ՄՌՏ 3-տեսլայանոց մեքենաները, նույն ժամանակակից համակարգչային տոմոգրաֆները: Մենք նաեւ տեսնում ենք շատ կրթված մարդկանց, որոնք ձգտում են նոր գիտելիքներ ստանալ»,- նշեց մասնագետը:

Ալեքսանդր Վասիլեւը «Հայաստանի նկատմամբ սիրով: Ճառագայթային ախտորոշումը` որպես 2 ժողովուրդների կապ» ռուս-հայկական 4-րդ գիտագործնական համաժողովի կազմակերպիչներից մեկն է: Նրա խոսքով` այս տարի համաժողովի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն մոնոթեմատիկ է` ամբողջ համաժողովը նվիրված է միզասեռական համակարգի օրգանների հիվանդություններին եւ դրանց ճառագայթային ախտորոշման իրենց մեթոդներին:

Համաժողովի ընթացքում ռուսաստանցի մասնագետները դասախոսություններով են հանդես եկել երիկամների եւ միզատար ուղիների տրավմատիկ վնասվածքների, երիկամների քաղցկեղի ուլտրաձայնային ախտորոշման, կանանց մոտ պարաուրետալ գոյացությունների եւ այլ հիվանդությունների, միզապարկի ուռուցքների ճառագայթային ախտորոշման եւ ուրոգինեկոլոգիայում հետվիրահատական բարդությունների վերաբերյալ:



© NEWS.am Medicine