Գիտնականները նշել են 2 մթերք, որոնք պետք է ուտել ամեն օր

11:58   4 հուլիսի, 2017

Ձիթապտուղ եւ դառը շոկոլադ. ահա այն մթերքները, որ Բարսելոնայի եւ Ակվիլլայի համալսարանների գիտնականները խորհուրդ են տալիս ներառել ամենօրյա սննդակարգում:

Ձիթապտղի օգտակար հատկությունների մասին շատ բան է հայտնի: Վերջերս իսպանական Բարսելոնայի համալսարանի գիտնականները եւս մեկ հետազոտություն են անցկացրել՝ դրանց բաղադրությունը եւ մարդու օրգանիզմի վրա ազդեցությունն ուսումնասիրելու համար: Նրանք պարզել են, որ դրա կեղեւը ձիթապտղի թթու է պարունակում, որը մարդու օրգանիզմի վրա հակաքաղցկեղային նյութի ազդեցություն է ունենում. այն ոչնչացնում է քաղցկեղային բջիջներն ու խոչընդոտում չարորակ ուռուցքների առաջացմանը:

Իսպանացի գիտնականների խոսքով՝ սննդակարգում կանոնավորապես ձիթապտղի օգտագործումը նվազեցնում է հաստաղիքի եւ կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը: Բացի այդ՝ ձիթապտուղը E վիտամին է պարունակում. այն հզոր հակաօքսիդանտ է, որը կարեւոր դեր է խաղում գլխուղեղում եւ թոքերում տեղի ունեցող բջջային պրոցեսներում, իմունային համակարգի գործառույթներում:

Իտալական Ակվիլլայի համալսարանի հետազոտողներն իրենց հերթին վերլուծել են գլխուղեղի վրա ֆլավոնոլների ազդեցության մասին բոլոր հետազոտությունները (կակաոյի հատիկներում մեծ քանակությամբ ֆլավոնոլներ կան): Մասնագետները եզրակացրել են, որ այդ նյութերն ուժեղացնում են արյան շրջանառությունը հիպոկամպում՝ բարելավելով ուղեղի անոթների վիճակը:

Գիտնականներն ամփոփել են, որ կակաոյի մեծ պարունակությամբ շոկոլադի ամենօրյա օգտագործումը խոչընդոտում է ուղեղում տեղի ունեցող անբարենպաստ տարիքային փոփոխություններին՝ մարդուն պաշտպանելով հիշողության վատթարացումից եւ շատ արագ ծերանալուց:

Հետազոտողները, միաժամանակ, նշել են, որ շոկոլադը դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա նույնիսկ մեկանգամյա օգտագործումից հետո:



© NEWS.am Medicine