Հայ սպան փրկել է իրանցի փոքրիկի կյանքը. երեխային ցողունային բջիջների փոխպատվաստում է կատարվել (ֆոտո)

15:39   4 հուլիսի, 2017

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի շնորհիվ լեյկեմիայով տառապող իրանցի փոքրիկի կյանք է փրկվել: Երեխայի փրկության հույսը համատեղելի դոնորից ցողունային բջիջների փոխպատվաստումն էր: Դոնոր է դարձել լեյտենանտ Սերգեյ Օհանյանը:

Սպան դոնորագրվել է դեռեւս 2012 թվականին՝ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու տարիներին։ Ի դեպ՝ ռազմական համալսարանը վաղուց է համագործակցում Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի հետ։

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին։ Հիմնադրամի առաքելությունն է՝ աշխարհասփյուռ հայերին օգնել հաղթահարել արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ:

Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է շուրջ 29.000 դոնոր, ռեեստր դիմած 4.485  հիվանդի հետ նախնական համընկնող 4369 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 27-ը նվիրաբերել են իրենց ցողունային բջիջները:

Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3 մլ արյուն եւ հարցաթերթիկ լրացնել: Դոնորագրվելն անվնաս եւ անցավ գործընթաց է, տեւում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում, համատեղելիության հայտնաբերման դեպքում, փրկել մեկ կյանք:



© NEWS.am Medicine