Երեւանում տեղի կունենա «Բիզնես Ֆրանս»-ի «Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում» համաժողովը

10:54   5 հուլիսի, 2017

Հուլիսի 6-ից 7-ը Երեւանում, Կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա «Բիզնես  Ֆրանս»-ի եւ ՀՀ առողջապահության նախարարության համատեղ կազմակերպած «Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում» համաժողովը։

Փորձագետների, դեղագործական եւ բուժտեխնիկա արտադրող ֆրանսիական ձեռնարկությունների պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի «Բիզնես Ֆրանս» գործակալության տնօրեն Պատրիկ Բոնարը:

Համաժողովի ընթացքում կներկայացվեն ոլորտի ֆրանսիական ձեռնարկությունները, կկազմակերպվեն դեղերով ապահովմանը նվիրված թեմատիկ սեմինարներ, ինչպես նաեւ անհատական հանդիպումներ ֆրանսիական ընկերությունների եւ հայ գործընկերների ու մասնագետների միջեւ:

Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանության սոցիալական հարցերի խորհրդական Դանիել Մաթյոն հանդես կգա «Ֆրանսիական հիվանդանոցային համակարգ. սանիտարահիգիենիկ, կազմակերպչական եւ ֆինանսական խնդիրներ» թեմայով ելույթով, ուռուցքաբան-ուրոլոգ դոկտոր Պիեռ Մոնոն կկիսվի իր փորձով:

Մասնակցող ձեռնարկությունները՝ GERFLOR (հատակի երեսպատում), RUMEX MEDICAL (GERMITEC -Antigermix ուլտրաձայնային գոտիների մանրէազերծում), QUANTEL-MEDICAL՝ վիրահատական լազերների եւ ուլտրաձայնային սարքավորումների ողջ տեսականի, դեղագործական լաբորատորիաներ SANՕFI եւ SERVIER, կներկայացնեն ֆրանսիական վերջին նորարարությունները եւ իրենց լաբորատորաների հետազոտական արդյունքները:

Առողջապահության ֆրանսիական օրերի պաշտոնական բացումը  կկայանա հուլիսի 7-ին, ժամը 9:30-ին: 



© NEWS.am Medicine