Հակաօքսիդանտը կարող է բարելավել ցրված սկլերոզով հիվանդների վիճակը

22:33   5 հուլիսի, 2017

Լիպոթթուն հակաօքսիդանտ է, որը կարելի է առանց բժշկի դեղատոմսի շատ դեղատներում գնել: Այն կարող է էապես բարձրացնել մարդկանց կյանքի որակը, որոնք տառապում են ցրված սկլերոզով: Այս մասին հայտնում են Oregon Health & Science University-ի գիտնականները:

Նոր հետազոտության ընթացքում, որին ցրված սկլերոզով տառապող 51 կամավոր է մասնակցել, 27 մարդ օրական 1200 մգ լիպոթթու է ստացել, իսկ մնացածը` պլացեբո: Հետազոտությունը 2 տարի է տեւել, որի արդյունքները հրապարակվել են Neuroimmunology & Neuroinflammation ամսագրում:

Մասնագետները պարզել են, որ երկրորդային պրոգրեսիվ ցրված սկլերոզով հիվանդների մոտ, որոնք լիպոթթու են ստանում, ուղեղի ատրոֆիայի արագությունը 68 տոկոսով նվազել է պլացեբո ստացող մասնակիցների համեմատությամբ: Դրանից բացի, կամավորների մոտ նկատվել է շարժողական ոլորտի բարելավում: Գիտնականները ծրագրել են հետազոտությունները շարունակել եւ 2017 թվականի վերջին ավելի խոշոր հետազոտություն անցկացնել, որին ավելի մեծ թվով հիվանդներ կմասնակցեն:

Ցրված սկլերոզը քրոնիկական աուտոիմունային հիվանդություն է, որն ախտահարում է գլխուղեղի եւ ողնուղեղի նյարդային մանրաթելերը: Հիվանդությունն ավելի հաճախ երիտասարդ եւ միջին տարիքում (15-40 տարեկանում) է սկսվում եւ միաժամանակ ախտահարում է նյարդային համակարգի մի քանի տարբեր բաժիններ, որը հանգեցնում է հիվանդների մոտ զանազան նյարդաբանական ախտանիշների առաջացման:



© NEWS.am Medicine