Սիրտն ինչպե՞ս առողջ պահել շոգ եղանակին

19:04   5 հուլիսի, 2017

Ամառային տապը եւ ջրազրկումը, որը կարող է առաջանալ շոգի հետեւանքով, չափազանց վտանգավոր են սիրտ-անոթային համակարգի առողջության համար:

Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը մի քանի խորհուրդներ ներկայացրեց, թե ինչ է պետք անել, որ սիրտն ու անոթները ամառվա շոգին առողջ մնան:

• Առողջ մարդկանց խորհուրդ է տրվում ամեն օր բավարար քանակով ջուր խմել (2-2,5 լիտր), ինչը կօգնի լրացնել հեղուկի ու հանքանյութերի կորուստը եւ կանխել արյան խտացումը: Սակայն սրտային անբավարարությամբ, սրտի իշեմիկ հիվանդությամբ եւ հիպերտոնիայով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում բուժող բժշկի հետ խորհրդակցել, թե իրենց որքան ջուր է կարելի խմել:

• Ամռանը ցանկալի է որքան հնարավոր է շատ ուտել վիտամիններ եւ հանքանյութեր պարունակող  մթերքներ, մասնավորապես` բանջարեղեն եւ մրգեր:

• Ամռանը ցանկալի է որքան հնարավոր է քիչ ուտել «ծանր» տապակած սնունդ:

• Ցերեկային ժամերին աշխատեք արեւի տակ չլինել` ջերմային եւ արեգակնային հարվածներից խուսափելու համար:

• Եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փողոց դուրս գալ, ցանկալի է գլխարկ դնել:

• Ցանկալի է, որ շոգին հագուստը բնական գործվածքից լինի` բաց գույներով:

• Եթե սրտի որեւէ հիվանդություն ունեք, պարտադիր խորհրդակցեք ձեզ բուժող բժշկի հետ` կապված դեղերի չափաքանակի հետ, որոնք ընդունում եք: Քանի որ ամռանը զարկերակային ճնշումը սովորաբար իջնում է, բավականին հաճախ հիպերտոնիայի դեմ դեղերի չափաքանակը կրճատում են` ճնշման չափից ավելի իջնելուց խուսափելու համար:

• Ամռանը ցանկալի է աղի օգտագործումը պակասեցնել, քանի որ այն օրգանիզմում հեղուկը զսպում է, իսկ դրա ավելցուկը կարող է անցանկալի այտուցներ առաջացնել:

• Ցերեկային ժամերին ցանկալի է ֆիզիկական ծանրաբեռնվածության քանակը նվազագույնի հասցնել. կարելի է սպորտով զբաղվել երեկոյան, երբ ավելի զով կլինի: Ֆիզիկական ծանրաբեռնվածություններն անցանկալի են նաեւ առավոտյան, քանի որ սիրտը դրանց դեռեւս պատրաստ չէ, դրանից բացի, ըստ վիճակագրության, հատկապես առավոտյան է տեղի ունենում սրտի եւ գլխուղեղի կաթվածների մեծ մասը:



© NEWS.am Medicine