Հուլիսի 6-ին Երեւանում կանցկացվի միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով

20:16   5 հուլիսի, 2017

2017 թվականի հուլիսի 6-ին, ժամը 11:30-ին Բեսթ Ուեսթերն Կոնգրես հյուրանոցում
(հասցե՝ ք. Երեւան, Իտալիայի փ. 1) կմեկնարկի միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով:

Միջոցառումը կազմակերպել է Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շրջանակներում: Միջոցառումը նպատակ ունի ներկայացնել եւ քննարկել անհաս եւ ցածր քաշով նորածինների խնամքի եւ բուժման նոր մոտեցումները, ինչպես նաեւ հայաստանյան եւ միջազգային փորձը:

Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավման իրենց փորձը կներկայացնեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները՝ հրավիրված Իտալիայից եւ Ուզբեկստանից: Անդրադարձ կկատարվի Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի վերջին նվաճումներին՝ Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի համատեքստում, ինչպես նաեւ կներկայացվեն նեոնատալ առողջության խնդիրները Հայաստանում եւ աշխարհում:



© NEWS.am Medicine