Ուտելիքի հոտը նպաստում է քաշի ավելացմանը

16:47   7 հուլիսի, 2017

Հնարավոր է գիրանալ նույնիսկ ուտելիքի հոտից, քանի որ այն ախորժակը գրգռում է, որը հաճախ հանգեցնում է չափից շատ ուտելուն եւ ավելորդ քաշ հավաքելուն: Սնունդի հոտը նաեւ ազդում է դրանց մարսման եւ կալորիաների այրման արագության վրա: Ըստ որում` այս պրոցեսները կախված չեն կերածի քանակից: Այս մասին են վկայում Բերքլիի քալիֆորնիական համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները: Համապատասխանաբար` որքան կերակուրը պակաս հաճելի է բուրում, մենք այնքան քիչ ենք ցանկանում այն ուտել եւ ավելի հեշտ ենք վերահսկողության ներքո պահում մարմնի զանգվածը:

Ի դեպ՝ հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ այն անցկացվել է միայն մկների վրա եւ իրենց հայտնի չէ` արդյո՞ք ստացած արդյունքները նույնը կլինեն նաեւ մարդկանց պարագայում: Հետազոտության մանրամասներին կարելի է ծանոթանալ Cell Metabolism ամսագրում:

Փորձի ընթացքում մկներին 2 խմբի են բաժանել: Գիտնականներն առաջին խմբի ներկայացուցիչների հոտառական նեյրոնները ոչնչացրել են օգտագործելով գենային թերապիան: Երկրորդ խմբի մեջ են ընդգրկվել հոտառության նորմալ զարգացմամբ առանձնյակները, ինչպես նաեւ հոտերի նկատմամբ գերզգայունությամբ մկները:

Բոլոր կենդանիներին 3 շաբաթ կերակրել են հավասար չափաբաժիններով յուղոտ սնունդով: Արդյունքում` առաջին խմբի ներկայացուցիչները փորձի ընթացքում հավաքել են մարմնի նախնական զանգվածի համեմատ մոտ 10 տոկոս ճարպ: Երկրորդ խմբի կենդանիները գիրացել են 2 եւ ավելի անգամ: Ի վերջո` պարզվել է, որ ամենագերը հոտերի նկատմամբ առավել զգայուն մկներն են:

«Քաշի մեծացումը կալորիաների օգտագործման սոսկ չափը չէ, այն նաեւ կապված է այս կալորիաների ընկալման կերպի հետ»,- ասում է հետազոտության հեղինակ Էնդրյու Դիլինը:

Գիտնականների իրականացրած աշխատանքի արդյունքները ցուց են տալիս հոտառության համակարգի եւ նյութափոխանակությունը կարգավորող ուղեղի հատվածների միջեւ առանցքային կապը: Այսինքն` հոտի բացակայությամբ սնունդից ստացվող կալորիաներն ավելի ակտիվ են այրվում:

Սակայն առկա է նաեւ բացասական էֆեկտ` հոտ չզգացող մկների մոտ չափազանց մեծանում է սթրեսային հորմոն նորադրենալինի մակարդակը: Մարդկանց մոտ նման բարձրացումը կարող է սրտի նոպա առաջացնել, նշում են գիտնականները:

«Կաշխատենք վտանգների նվազեցման ուղղությամբ: Այդուհանդերձ, մեր աշխատանքը իր տեսակի մեջ առաջինն է եւ շատ արդիական: Սնունդի խանգարումներով մարդիկ կերակուրի հանդեպ  մեծ հակման պատճառով հաճախ դժվարությամբ են վերահսկում, թե որքան են օգտագործում: Մենք կարծում ենք, որ հոտառության նեյրոնները կարող են կարեւոր դերակատարում ունենալ սնվելու վերահսկման հարցում եւ մարդկանցից շատերին օգնել ավելորդ քաշի դեմ պայքարում»,- եզրակացրել է բժիշկ Սելին Ռիերան:



© NEWS.am Medicine