30 տարի անց մարդիկ կհրաժարվեն հանուն երեխաների սեքսից

22:36   7 հուլիսի, 2017

30 տարի հետո մարդկությունը երեխաներ բեղմնավորելու համար սեքսի կարիք չի ունենա: Շատերը ժառանգներին կընտրեն փորձասրվակների մեջ պահվող սաղմերի շարքից, համոզված է Սթենֆորդի համալսարանի Իրավունքի եւ կենսագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Հենք Գրիլին:

ԱՄՆ-ում ավելի մեծ ակտիվությամբ է ներդրվում CRISPR տեխնոլոգիան, որը թույլ է տալիս մարդու սաղմի գենետիկ հատկություններն ընտրել ծնողների ցանկությամբ: Գրիլիի կանխատեսմամբ` ԱՄՆ նոր քաղաքացիները այն սաղմերից կծնվեն, որոնք լաբորատորիաներում են ստեղծվել ծնողների ԴՆԹ-ով: Այս գործընթացն արդեն սկսվել է, սակայն առայժմ միայն հիվանդությունների կանխարգելման եւ սեռի ընտրության համար, իսկ ոչ հեռու ապագայում շարքային ամերիկացիները կսկսեն տեխնոլոգիաներից օգտվել, որոնց շնորհիվ մարդու մաշկի ցողունային բջիջներից հնարավոր կլինի աճեցնել գոնոցիտներ` սեռական առաջնային բջիջներ:

Պրոֆեսոր Գրիլին իր կանխատեսման մասին խոսել է Կոլորադոյում անցկացված Aspen Ideas Festival միջազգային գիտաժողովում, հայտնում է Quartz-ը:

Գրիլիի ենթադրությամբ` ծնողները կսկսեն խոտանել գենետիկ հիվանդությունները, այնուհետեւ BRAC1 գենը, որը պատասխանատու է կրծքագեղձի քաղցկեղի համար, հետո Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը, որից հետո արդեն կսկսեն ընտրել իրենց ապագա երեխաների արտաքինը` մազերի կամ աչքերի գույնը: Ի վերջո` նրանք կհասնեն ինտելեկտին:

«Չեմ կարծում, թե կարող ենք ասել` այս կամ այն սաղմը կհավաքի SAT-ի 1550 կետերը (ԱՄՆ-ում դպրոցական թեստ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար)»,- պարզաբանել է Գրիլին: Սակայն, նրա կարծիքով, միանգամայն իրատեսական կլինի տեղեկանալ, որ «սաղմերից մեկի հասարակության բարձր խավում հայտնվելու հավանականությունը 60 տոկոս է կազմում, մյուսը լավագույն տասնյակում հայտնվելու 13-տոկոսանոց հավանականություն ունի»:

Մասնագետներից շատերը, սակայն, վախենում են, որ ԴՆԹ-ի խմբագրման գործիքները կօգտագործվեն որոշ «կատարյալ» սաղմերի ստեղծման համար: Գրիլին համաձայն է, որ նման տեխնոլոգիաների զանգվածային օգտագործումը բազմաթիվ էթիկական խնդիրների կհանգեցնի: Սակայն տեխնոլոգիաները թույլ չեն տա «կատարյալ երեխաներ» ստանալ, քանի որ գիտնականները կաշխատեն միայն ծնողների ԴՆԹ-ով:

«Բարդ պահերից մեկը կլինեն ապահարզանները` իրենց ապագա երեխայի որակների վերաբերյալ ծնողների միջեւ առաջացած վեճերի պատճառով,- ասում է Գրիլին: - Սա իրատեսական խնդիր կլինի. ո՞րն է ավելի լավ` դիաբետի՞ հավանականությունը, սակայն առանց շիզոֆրենիայի հավանականության, թե՞ երաժշտական ընդունակությունները խթաղիի քաղցկեղի հավանականությամբ»:

«Գրիլիի կանխատեսումները էթիկական լուրջ հարցեր են բարձրացնում,- հայտնում է գերմանական Die Welt պարբերականը: - Նման սցենարի դեպքում, օրինակ` եթե զույգն ընտրի № 64 սաղմը, ծայրահեղ դեպքում 63 սաղմը, կներեք, բայց կուղարկվեն վերարտադրողական բժշկության աղբաման: Դրանից բացի, կարելի է ենթադրել, որ նախապես տեխնոլոգիայից կկարողանան օգտվել սոցիալական բարձր խավերի ներկայացուցիչները: Ստացվում է, որ հարուստների համար խելացի եւ գեղեցիկ երեխաներ արտադրելն ավելի հեշտ է դառնում»:

Գրիլին, այդուհանդերձ, վստահ է, որ իրենց կարող են թույլ տալ երեխաների ընտրություն կատարել ոչ միայն վերնախավը, այլեւ սովորական մարդիկ: Վերջիվերջո` սա չէ՞ որ պետությանը ձեռնտու կլինի առողջապահության վրա կատարվող ծախսերի տեսակետից: Ավելի շահավետ կլինի արհեստական ընտրությունը ֆինանսավորել, քան հիվանդ երեխաներին պահել:

Գրիլիի կարծիքով` տարբեր երկրներ այս տեխնոլոգիան տարբեր արագությամբ կկիրառեն` ելնելով իրենց ավանդույթներից եւ պատմական առանձնահատկություններից:



© NEWS.am Medicine