Հայտնաբերվել է քաղցկեղից եւ ծերանալուց բնական պաշտպանության մեխանիզմը

19:15   7 հուլիսի, 2017

Գերմանիայի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի եւ Մայնցի Յոհաննես Գուտենբերգի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են մեխանիզմը, որը բջիջները պաշտպանում է վաղաժամ ծերանալուց եւ թույլ է տալիս կանխել ուռուցքների առաջացումը:

Մասնավորապես` գիտնականները հայտնաբերել են, որ ՌՆԹ-ի TERRA կոչվող մոլեկուլը կարողանում է վերականգնել չափազանց կարճ (կամ կոտրված) տելոմերները:

Տելոմերներ են կոչվում քրոմոսոմների ծայրերի հատվածները: Կյանքի ընթացքում բջիջների կիսվելու հետեւանքով տելոմերներն աստիճանաբար սկսում են փոքրանալ` գործարկելով ծերացման պրոցեսը: Այսինքն` տելոմերները որքան կարճ են եւ բջիջները քիչ են կիսվում, այնքան օրգանիզմն արագ է թառամում:

Դրա հետ մեկտեղ տելոմերների փոքրացումը քաղցկեղի դեմ պաշտպանական մեխանիզմ է, այլապես չարորակ բջիջները կարող էին անսահմանափակ քանակով բազմանալ:

«Կարեւոր է քաղցկեղի կանխարգելման եւ ծերացման միջեւ հավասարակշռությունը, նաեւ այն բանի ըմբռնումը, թե դրան հատկապես ինչպես են հասնում»,- ասում է պրոֆեսոր Բրայան Լուկը:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ հավասարակշռության պահպանումը օգնում է TERRA-ին` ՌՆԹ-ի տեսակին, որը կարճ տելոմերների վրա է կուտակվում ԴՆԹ-ի հետ միանալու ճանապարհով եւ բջջին ահազանգում է, որ քրոմոսոմի ծայրերի հատվածները պետք է վերանորոգվեն` բջիջների հետագա կիսվելու համար:

Հստակեցվում է, որ հետազոտողները պարզել են, թե խմորասնկերում ինչպես են ճանաչվում եւ վերականգնվում քրոմոսոմների կարճացված ծայրերը: Սակայն տելոմերներ եւ TERRA ունեն գծային քրոմոսոմներով բոլոր օրգանիզմները, այդ պատճառով առաջիկայում հետազոտողները նախատեսել են ՌՆԹ-ի ֆունկցիաներն ուսումնասիրել մարդկանց բջիջներում:



© NEWS.am Medicine