Աղիների ուռուցքների առաջացման 80 տոկոսի մեղավորը յուղոտ մթերքներն են

21:23   7 հուլիսի, 2017

Աղիների ուռուցքների առաջացման 80 տոկոսի մեղավորը ոչ առողջ սննդակարգն է, որը կազմված է մեծ քանակով յուղոտ մթերքներից: Այս մասին հայտնում են Cleveland Clinic-ի հետազոտողները:

Նրանց հաջողվել է ապացույցներ գտնել, որ յուղոտ սնունդն ուռուցքների աճը խթանում է մոլեկուլյար ուղիների ակտվացման հաշվին, որոնք սնուցում են անոմալ բջիջները:

Հետազոտողները պարզել են, որ մեծ քանակով յուղոտ մթերքների օգտագործումը, ինչպես արագ սնունդում, այնպես էլ արեւմտյան ավանդական ճաշատեսակներում` նորաձեւ ավոկադոյով տոստերի նման, աղիների քաղցկեղով հիվանդացածության աճի հիմնական պատճառն է: Գիտությանը նախկինում էլ էր հայտնի աղիների ուռուցքի վրա սնունդի ազդեցության մասին: Սակայն նոր հետազոտությամբ առաջին անգամ ցույց է տրվել յուղոտ սնունդի ընդունման եւ աղիների ուռուցքների միջեւ կապը` հատուկ մոլեկուլյար ուղիների միջոցով:

Նշենք, որ փորձագետների մեծ մասն ավանդաբար քննադատում է յուղոտ սնունդի վրա հիմնված սննդակարգերի մեծ մասը, քանի որ նման սնունդը մեծացնում է խոլեստերինի մակարդակը եւ հանգեցնում է քաշի արագ ավելացման: Սակայն սրա հետ մեկտեղ շատերը կետոգենային սննդակարգը առողջ այլընտրանք են համարում, որը նպաստում է նիհարելուն: Այս սննդակարգի երկրպագուների թվում են շատ աստղեր, օրինակ` Մեգան Ֆոքսը եւ Ադրիանա Լիման, ինչպես նաեւ դերասանուհի Գվինեթ Փելթրոուն, որն իրեն առողջ կենսակերպի ոլորտում գուրու է համարում: Այս սննդակարգում ածխաջրերը կազմում են ընդամենը 5 տոկոս, իսկ ստանդարտ սնվելու դեպքում այն կազմում է 30-ից մինչեւ 50 տոկոս:

Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ առողջ ճարպերը, որոնք օգտագործվում են կետոգենային սննդակարգում, աղիներում ուռուցքների առաջացման համար սնուցող միջավայր են ստեղծում: Այս մասին են վկայում լաբորատոր մկների մասնակցությամբ կատարված փորձերը, որոնց հատուկ անոմալ բջիջներ են ներարկել` կապված աղիների ուռուցքների աճի հետ, այնուհետեւ կերակրել են մթերքների տարբեր տեսակներով:

Նշենք, որ աղիների քաղցկեղը ԱՄՆ-ում առավել տարածված ուռուցքային հիվանդություններից երրորդն է, եւ երկրում ամեն տարի գրանցվում է մոտ 130 հազար նոր դեպք: Վերջին մի քանի տարիներին դաշնային վիճակագրությունը ցույց է տվել քաղցկեղի այս տեսակի հիվանդացածության բռնկում 55 տարեկանից փոքր մարդկանց շրջանում:



© NEWS.am Medicine