Որքան հաճախ է պետք փոխել անկողնային սպիտակեղենը

19:18   11 հուլիսի, 2017

Մենք անկողնում ենք անցկացնում կյանքի մեկ երրորդը, եւ այն կարող է արագորեն վերածվել «բուսաբանական այգու»՝ լի մանրէներով եւ սնկերով: Այս մասին Business Insider-ին տված հարցազրույցում հայտարարել է Նյու Յորքի համալսարանից միկրոկենսաբան Ֆիլիպ Տյերնոն:

Մարդկային օրգանիզմը մեկ տարվա ընթացքում շուրջ հարյուր լիտր քրտինք է արտադրում: Անկողնում ստեղծվող տաք եւ խոնավ միջավայրը կատարյալ է սնկերի բազմացման համար: Վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ փետուրե եւ սինթետիկ բարձերում կարող է մինչեւ 16 տեսակի սունկ բազմանալ:

Բացի մեզ հարազատ «միկրո-կյանքից»՝ սնկերից եւ բակտերիաներից, որոնց աղբյուրներն են մեր սեփական քրտինքը, թուքը, մաշկի մեռած բջիջները, հեշտոցի եւ հետանցքի արտադրությունը, մենք անկողինը կիսում ենք նաեւ օտարածին մանրէների հետ, որոնք այնտեղ հայտնվում են ընտանի կենդանիների մորթուց, բույսերի ծաղկափոշուց, փոշուց եւ այլնից:

Այս ամենը կուտակվում է շաբաթվա ընթացքում: Եթե չփոխեք անկողնային սպիտակեղենը, կարող է ալերգիկ մրսածություն եւ հազ սկսվել, քանի որ մարդը փաստացի շնչում է այն ամեն մանրէներով, որոնք կան անկողնում: Եթե նույնիսկ ալերգիա չունեք, միեւնույն է, Տյերնոյի խոսքով, օրգանիզմը կսկսի արձագանքել շնչուղիներում հայտնված օտարածին մանրէներին: Իսկ եթե արդեն ալերգիա կամ ասթմա ունեք, ձեր վիճակը կվատթարանա:



© NEWS.am Medicine