Քաղցկեղի հետեւանքով դեմքի կեսը կորցրած տղամարդուն ոտքից եւ նախաբազկից մաշկ են փոխպատվաստել (ֆոտո)

22:11   8 հուլիսի, 2017

Զգուշացում. հոդվածի լուսանկարները ձեզ կարող են սարսափելի կամ տհաճ թվալ

Մի քանի տարի առաջ 38-ամյա Թիմ ՄակԳրաթայի մոտ ձուսպային սարկոմա էին ախտորոշել` փափուկ հյուսվածքների քաղցկեղի հազվագյուտ տարատեսակ: Ուռուցքի հեռացման վիրահատությունը «մերկացրել» էր տղամարդու դեմքի կեսը, իսկ վերականգնման հետագա մի քանի վիրահատությունները անհաջող էին եղել: Սակայն այժմ վիրաբույժ Կոնգկրիտ Չայասատեին հաջողվել է նրա դեմքը մասամբ վերականգնել` իր Թիմի ոտքից եւ նախաբազկից մաշկ փոխպատվաստելով:

Թիմի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է 2014 թվականի փետրվարին, երբ նրա ծնոտը սկսել է ուժգին ցավել: ՄՌՏ հետազոտությամբ ձվի չափ ունեցող ուռուցք է հայտնաբերվել, սակայն Թիմը վիրահատությունից հրաժարվել է եւ 18 ամիս շարունակ այլ բուժում է փնտրել: Ավաղ, ձուսպային սարկոման զգայուն չէ բուժման տարբերակներից մեծ մասի նկատմամբ, այդ թվում` քիմիաթերապիայի, այդ պատճառով ուռուցքը, չնայած բոլոր ջանքերին, շարունակել է աճել: 2015 թվականի մայիսին ուռուցքը 2 անգամ մեծացել է, եւ Թիմին շնչափոխահատում են կատարել, որպեսզի նա կարողանա շնչել, իսկ նրան խողովակով են կերակրել, քանի որ ուռուցքը ախտահարել էր նաեւ նրա բերանը:

Ճառագայթահարման բարձր չափաքանակներով ճառագայթային թերապիան մի փոքր կրճատել է ուռուցքի չափը, իսկ դրա որոշ մասեր սկսել են անջատվել: Միայն դրանից հետո է բժիշկներին հաջողվել ուռուցքի մնացած հատվածը հեռացնել 30 ժամ տեւած վիրահատության ընթացքում, որն անցկացվել է 2015 թվականի հոկտեմբերին:

Վիրահատությունից առաջ բժիշկները Թիմին բացատրել են, որ վատագույն դեպքում կզրկվի ձախ աչքից եւ ականջից: Թիմը հույս ուներ, որ դա տեղի չի ունենա, սակայն բժիշկների կասկածները հաստատվել են. նրանք ստիպված էին հեռացնել հիվանդի դեմքի կեսը, այդ թվում` որոշ ոսկորներ եւ մկաններ: Դրանք փորձել են վերականգնել` օգտագործելով նրա ուսից եւ մեջքից վերցված ոսկորներ եւ մկաններ, սակայն Թիմի օրգանիզմը տրանսպլանտները չի ընդունել:

Գրեթե մեկ տարի Թիմն ապրել է դեմքի «մերկացված» հատվածով  եւ չգիտեր ինչ անել հետո: Մի օր նա լսել է բժիշկ Չայասատեի մասին եւ դիմել է նրան: Վիրաբույժը 5 վիրահատություն  է կատարել, որոնց ընթացքում կարողացել է հիվանդի դեմքի բաց հատվածը ծածկել ոտքից եւ նախաբազկից վերցրած հյուսվածքներով:

Հիմա Թիմը վերականգնվում է այս վիրահատություններից հետո, սակայն առջեւում նրան նոր վիրահատություններ են սպասում, որոնց շնորհիվ կկարողանա ինքնուրույն ուտել, խմել եւ ավելի հասկանալի խոսել:



© NEWS.am Medicine