28-ամյա կինը վճռել է արգանդը հեռացնել՝ հանուն նախադաշտանային համախտանիշից ազատվելու

21:35   10 հուլիսի, 2017

28-ամյա Նիկոլա Ջեյմսը որոշել է գիստերէկտոմիայի ենթարկվել (արգանդի հեռացում)՝ հանուն նախադաշտանային համախտանիշից (ՆԴՀ) ազատվելու, որի ընթացքում նա, իր խոսքով, վերափոխվել է Սթիվենսոնի «Դոկտոր Ջեքիլի եւ միսթեր Հայդի տարօրինակ պատմությունը» գրքի հրեշին:

Ամսեկանն սկսվելուց մոտ 2 շաբաթ առաջ Նիկոլան հիստերիկայի մեջ սկսում էր ամանեղենը ջարդել, վիճել հարազատնների հետ, առանց որեւէ պատճառի աղմուկ սարքել: Նրա մոտ նախադաշտանային դիսֆորիկ խանգարում է (ՆԴԴԽ) ախտորոշվել, որը եւ տրամադրության անկումների, հիստերիկայի եւ անհամարժեք պահվածքի պատճառն էր:

«Երկու շաբաթ շարունակ, մինչեւ ամսեկանի սկսվելը իմ մեջ անվերահսկելի ագրեսիա էր փոթորկվում: Մի անգամ ես շպրտեցի հեռուստացույցի հեռակառավարման պուլտը եւ կոտրեցի մեր երեխայի քայլասայլակը: Երբ ինձ մոտ այս վիճակը սկսվում էր, ես անկարող էի ինձ կառավարել: Բայց հենց դաշտանն սկսվում էր, ես հանգստանում էի, սկսում մարդկանցից ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ հասցրել էի նրանց ասել»,- պատմել է Նիկոլան:

ՆԴԴԽ-ով է տառապում աշխարհում յուրաքանչյուր 20-րդ կինը: Դեպքերի մեծ մասի ժամանակ ախտանիշները ներառում են ուժեղ գլխացավեր եւ փորացավեր, հոգնածություն, անքնություն եւ ուշագնացություն: Կանանցից շատերը, այս ախտանիշներից բացի, դառնում են ագրեսիվ, նյարդային, կորցնում ինքնակառավարումը, տառապում են դեպրեսիայի, ինքնասպանության մտքերի եւ տրամադրության անկումների պատճառով:

Նիկոլայի մոտ այս ախտանիշները սկսվել են 17 տարեկանում, երբ նա հորմոնային հակաբեղմնավորիչներ է ընդունել: Ավելի ուշ նա 2 աղջիկ է ունեցել, սակայն ՆԴԴԽ-ի ախտանիշներն այդպես էլ չեն անցել:

«Իմ մեջ կարծես զայրույթը եփվեր: Ես մեկուսանում էի ընկերներից եւ ընտանիքի անդամներից, ես թքած ունեի ամեն ինչի եւ ամենքի վրա, ես ուշադրություն չէի դարձնում, թե մարդկանց ինչպես եմ վերաբերվում: Իմ տարաբախտ ամուսինը եւ երեխաները ստիպված էին շատ բան հանդուրժել»,- ասել է Նիկոլան:

Ավելորդ ագրեսիայի եւ նյարդայնության պատճառով Նիկոլան ճանապարհներին վիճել է նաեւ այլ վարորդների հետ, իսկ մի անգամ քիչ էր մնում աշխատանքը կորցներ: Նիկոլային կյանքը դժոխք էր թվում` 2-շաբաթյա անհամարժեքությանը հետեւում էր 10 օր տեւող դաշտանը, եւ Նիկոլային ընդամենը մոտ 4 «նորմալ» օր էր մնում, որից հետո դարձյալ սկսվում էր նախադաշտանային համախտանիշը:

2016 թվականի սեպտեմբերին Նիկոլայի մոտ ՆԴԴԽ է ախտորոշվել, իսկ 2017-ի հունվարին նրան գիստերէկտոմիա են կատարել, որը, ինչպես ինքն էր լսել, պետք է իրեն օգներ ազատվել ՆԴԴԽ-ի ախտանիշներից:

Նիրկոլայի խոսքով` ինքը հասկանում էր, որ ընդամենը 28 տարեկան է, սակայն նա չէր ծրագրում էլի երեխաներ ծննդաբերել, իսկ այդ խանգարման ախտանիշների հետեւանքով կյանքի որակը սաստիկ տուժում էր:

Վիրահատությունն իրոք կնոջն օգնել է ազատվել ՆԴԴԽ-ի ախտանիշներից, եւ հիմա, ինչպես ինքն է նշում, իրեն կրկին իր կյանքի տիրուհին է զգում:

Մասնագետները նշում են, որ գիստերէկտոմիան ամենեւին էլ ՆԴԴԽ-ի «բուժման» միակ միջոցը չէ: Ծանր ՆԴՀ-ով կամ ՆԴԴԽ-ով տառապող կանանց խորհուրդ է տրվում դիմել գինեկոլոգի, ում հետ հնարավոր է քննարկել բուժման հնարավոր մեթոդները:



© NEWS.am Medicine