Գիտնականները շատակերության դեմ դեղամիջոցի ստեղծման ճանապարհին են

10:26   12 հուլիսի, 2017

Յուղոտ սննդի չարաշահումը կարող է ուղեղի հատուկ բջջի՝ միկրոգլիայի աշխատանքի արդյունք լինել: Ամերիկացի գիտնականները պնդում են, որ դեղորայքի միջոցով կարելի է նվազեցնել այս բջիջների ակտիվությունը:

Սան Ֆրանցիսկոսյի քալիֆորնիական համալսարանի հետազոտողներն այս մեխանիզմը հայտնաբերել են մկների վրա փորձի ընթացքում: Փորձագետները պարզել են, որ միկրոգլիաները նեյրոններ չեն, բայց նրանց են բաժին հասնում ուղեղի բջիջների 10-15%-ը: Մինչեւ վերջերս բժիշկների հիմնական թիրախը հիպոտալամուսում տեղակայված նեյրոններն էին, որոնք որոշիչ դեր ունեն սնունդ ընդունելու գործընթանում:

Նոր հետազոտությունն ապացուցել է, որ միկրոգլիաների վրա ազդեցությունն ավելի լայն հեռանկարներ ունի ճարպակալման դեմ դեղամիջոց որոնելու առումով: Երբ շատակերությամբ տառապող կրծողներին այդ գոյացությունների ակտիվությունը ճնշող դեղորայք են տվել, մկները 15%-ով նվազեցրել են իրենց սննդակարգը՝ միաժամանակ կորցնելով քաշի մեկ հինգերորդը:

Իրենց եզրահանգումները հաստատելու համար գիտնականները դեղամիջոց են մշակել, որը միկրոգլիաներում ակտիվացնում է բորբոքային պրոցեսները: Այն ներարկել են ճարպերի ցածր պարունակությամբ սնունդ ընդունող մկներին: Արդյունքում մկները 33%-ով ավելի են կերել եւ 12%-ով ավելի պակաս էներգիա ծախսել:

Առայժմ նոր դեղամիջոցի բոլոր փորձարկումները մկների վրա են արվում, սակայն գիտնականները մտադիր են նոր փորձեր անցկացնել, որոնք թույլ կտան հասկանալ, կարելի՞ է այդ կերպ ազդել նաեւ մարդու միկրոգլիայի վրա:



© NEWS.am Medicine