68 օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո հնգյակի ողջ մնացած աղջիկներից մեկը դուրս է գրվել

11:49   12 հուլիսի, 2017

Երեւանում ծնված հնգյակի ողջ մնացած աղջիկներից փոքրիկ Ռոզան, 68 օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից, որտեղ երեխան ավելի քան երկու ամիս բուժում էր ստանում:

Հիվանդանոցից դուրս գրվելիս Ռոզան, որը շուրջ 800 գրամ քաշով էր ծնվել, արդեն 2150 գրամ է կշռել: Մասնագետների խոսքով՝ հիմա նա լավ է զգում, առողջ է, չնայած առաջիկայում դեռ որոշ հետազոտություններ պետք է անցնի:

Ողջ մնացած երկրորդ աղջիկը՝ Աննան, դեռեւս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է: Այժմ նա 1550 գրամ է կշռում, եւ չնայած մասնագետները նրա վիճակը կայուն են գնահատում, բայց դեռ չեն շտապում դուրս գրել հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ անկախ Հայաստանում առաջին անգամ հնգյակ՝ 4 աղջիկ եւ մեկ տղա է ծնվել մայիսի 3-ին, «Էրեբունի» ԲԿ-ում: Երեխաները խորը անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են՝ 600, 820, 840, 840 եւ 880 գրամ:

Մայիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հնգյակի երեխաներից մեկը՝ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջիկը մահացել է. մահվան պատճառը ուղեղում արյան զեղումն էր: Մայիսի 7-ի առավոտյան մահացել է երկրորդ երեխան՝ ամենափոքր քաշով ծնված աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» ԲԿ-ում: Տղան, որը նույնպես գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վերակենդանացման բաժանմունքում,  մահացել է մայիսի 14-ին:

Հիշեցնենք նաեւ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյանների ընտանիքին 4 սենյականոց բնակարան է նվիրել Մեծամորում: Հիմա բնակարանը վերանորոգում են, որպեսզի ընտանիքը կարողանա տեղափոխվել: Բացի այդ՝ մի շարք ընկերություններ ընտանիքին կենցաղային տեխնիկա են նվիրել: Եվս մեկ ընկերություն էլ խոստացել է մանկական մահճակալներ նվիրել:



© NEWS.am Medicine