Ընդամենը մեկ անքուն գիշերը մեծացնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը

23:25   12 հուլիսի, 2017

Միջին տարիքի մարդկանց մոտ նույնիսկ մեկ անքուն գիշերվանից հետո ողնուղեղային հեղուկում 10%-ով ավելանում է բետա-ամիլոիդային սպիտակուցի մակարդակը, որը կապված է դեմենցիայի զարգացման հետ: Այս մասինն հաղորդել են Washington University School of Medicine-ի մասնագետները:

Նրանց վերջին հետազոտությանը 35-65 տարեկան 17 առողջ կամավոր է մասնակցել: Նրանք քնի քրոնիկական խանգարում եւ կոգնիտիվ խախտումներ չեն ունեցել: Կամավորներին խնդրել են մեկ օր անցկացնել ձայնամեկուսացված հատուկ սենյակում: Կամավորներն ամբողջ գիշեր ականջակալներով են եղել. նրանց մի մասը ձայնային ազդանշաններ է լսել, երբ ուղեղը դանդաղ (խորը) քնի փուլ է անցել: Այդ ամբողջ ընթացքում մասնագետները հետեւել են կամավորների ուղեղի ակտիվությանը: Շուրջ մեկ ամիս անց փորձը կրկնել են՝ փոխելով խմբերի տեղերը:

Այնուհետեւ գիտնականները մասնակիցների ողնուղեղային հեղուկից նմուշներ են վերցրել: Հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ անքուն գիշերվանից հետո բետա-ամիլոիդային սպիտակուցի կենտրոնացումը 10%-ով ավելացել է: Միաժամանակ, տաու-սպիտակուցի մակարդակը, որը նույնպես կապված է Ալցհեյմերի հիվանդության հետ, նրանց մոտ չի աճել:

Մասնագետներն ընդգծում են, որ խորը քունն անհրաժեշտ է ուղեղն աղբից մաքրելու համար, իսկ կանոնավոր անքնությունը մեծացնում է մի շարք հիվանդությունների առաջացման վտանգը, այդ թվում՝ դեմենցիայի:



© NEWS.am Medicine