Տորակոսկոպիան թույլ է տալիս խուսափել հետվիրահատական ուժգին ցավերից. կրծքային վիրաբույժ

17:55   12 հուլիսի, 2017

Տորակոսկոպիկ վիրահատությունների (կրծքավանդակի էնդոսկոպիկ վիրահատություններ) առավելությունը կրծքային բաց վիրահատությունների համեմատ նույնիսկ առավել արտահայտված է, քան լապարոսկոպիկ վիրահատություններինը` որովայնի բաց վիրաբուժության համեմատությամբ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գեւորգ Ոսկանյանը:

Նրա խոսքով` տորակոտոմիան (բաց վիրահատություն) ուղեկցվում է հետվիրահատական շատ ուժգին ցավերով: «Սա ակտուալ խնդիր է: Աշխարհում կրծքային վիրաբուժության մեջ կարերը դնելու նոր տեխնիկաները մշակվում են մշտապես, պլեւվրայի տակ կաթետեր է դրվում հատուկ ցավազրկման համար, սակայն նույնիսկ սա չի ազատում ուժգին ցավերից: Իսկ տորակոսկոպիան թույլ է տալիս նման հետեւանքներից խուսափել»,- ասաց նա` հավելելով, որ տորակոսկոպիկ մեթոդն այսօր հաջողությամբ կիրառվում է «Աստղիկ» ԲԿ-ի կրծքային վիրաբուժության իր ղեկավարած բաժանմունքում, որը բոլորովին վերջերս է բացվել:

Ինչպես նշեց Գեւորգ Ոսկանյանը, տորակոսկոպիան հնարավորություն է տալիս լուծել նաեւ կոսմետիկական խնդիրը` կրծքի շրջանում մեծ սպիներ չեն մնում, իսկ անցքերը կարելի է այն տեղերում անել, որտեղ դրանք տեսանելի չեն լինի:

Բժշկի խոսքով` վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն է առաջանում թոքային տարբեր պաթոլոգիաների դեպքում` ինֆեկցիաների հետեւանքով առաջացած թարախային գոյացությունների, մակաբուծային հիվանդությունների, մասնավորապես էխինակոկերի առկայության դեպքերում: «Կան նաեւ բնածին արատներ, որոնք արտահայտվում են կյանքի որոշակի փուլում: Մեծ ծավալ են կազմում բարորակ եւ չարորակ ուռուցքների հեռացման վիրահատությունները»,- ասաց նա` հավելելով, որ նույնիսկ չարորակ ուռուցքները տորակոսկոպիկ մեթոդով են հեռացվում, եթե ժամանակին են հայտնաբերվել, եւ նման վիրահատություններն անչափ արդյունավետ են: «Նախկինում դրա համար ստիպված էին 25 սմ-ից ոչ պակաս կտրվածքներ կատարել»,- ավելացրեց նա:

Բաժանմունքի ղեկավարի պարզաբանմամբ` չարորակ ուռուցքների դեպքում նախ ճշգրիտ ախտորոշում է կատարվում, այնուհետեւ բուժման ռազմավարության որոշում է ընդունվում. այսինքն` անել, թե ոչ եւ ինչ հերթականությամբ կատարել քիմիա- ու ճառագայթային թերապիան եւ վիրահատությունը:

«Կրծքային վիրաբույժների գործունեության ոլորտի մեջ են մտնում նաեւ կերակրափողի եւ միջնորմի վիրահատությունները, ինչպես նաեւ՝ վահանաձեւ գեղձի վիրահատությունների որոշ տեսակներ, մասնավորապես` պարանոցի լիմֆոդիսեկցիան»,-հավելեց բաժանմունքի ղեկավարը:

Գեւորգ Ոսկանյանի խոսքով` «Աստղիկ» ԲԿ-ի կրծքային վիրաբուժության բաժանմունքը հագեցված է կրծքավանդակի հիվանդությունների թերապեւտիկ ու վիրաբուժական բուժման համար անհրաժեշտ ամեն ինչով: Այստեղ գործնականում իրականացվում են աշխարհում կատարվող կրծքային բոլոր վիրահատությունները` հազվադեպ բացառությամբ:

Գեւորգ Ոսկանյանը նաեւ հայտնեց, որ բաժանմունքում աշխատում է հատուկ վերապատրաստում անցած պուլմանոլոգ, ով զբաղվում  է ժամանակակից մեթոդներով թոքային պաթոլոգիաների կոնսերվատիվ բուժմամբ:

 

    

 



© NEWS.am Medicine