Գազավորված ջուրը կարող է քայքայել ատամների էմալը. գիտնականներ

16:25   13 հուլիսի, 2017

Գազավորված ջուրն ավելի վնասակար է ատամների համար, քան առանց գազի ջուրը: Ատամնաբույժների խոսքով՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ գազավորված ջրում ավելի շատ թթուներ կան, որոնք քայքայում են էմալը:

Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանին կից Ստոմատոլոգիայի դպրոցի հետազոտողները նշում են, որ հանքային ջրում մեծ քանակությամբ հավելանյութեր կան, որոնք քիմիական ռեակցիա են առաջացնում: Դրանք կարող են մեծ վնաս հասցնել ատամներին ու բերանի խոռոչին:

Գազավորված ջուր օգտագործող մարդկանց ատամնաբույժները խորհուրդ են տալիս զգույշ լինել եւ դրանով չողողել բերանը: Սակայն այն մարդկանց պարագայում, որոնք մեծ քանակությամբ թքարտադրություն ունեն, այս ջուրն այնքան էլ վտանգավոր չէ. այդ դեպքում ատամի էմալի քայքայման վտանգը նվազագույնի է հասնում:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ բերանի խոռոչի վրա գազավորված ջրի ազդեցությունը բավականաչափ ուսումնասիրված չէ: Բայց հայտնի է, որ բարձր թթվայնություն ունեն նաեւ մի շարք այլ ոչ ալկոհոլային ըմպելիքներ, օրինակ՝ հյութեր, գազավորված եւ էներգետիկ ըմպելիքներ, որոնք կարող են վնասակար լինել ատամների համար:

Գիտնականների խոսքով՝ ե՛ւ ատամների, ե՛ւ բերանի խոռոչի, ե՛ւ ընդհանրապես առողջության համար ավելի օգտակար է սովորական առանց գազի ջուրը:



© NEWS.am Medicine