Շրջանավարտը ամուսնության առաջարկ անելու որոշումը կայացրել է դիպլոմների հանձնման արարողությունից 30 րոպե առաջ (ֆոտո)

13:16   13 հուլիսի, 2017

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ սիրելիին ամուսնության առաջարկություն անելու որոշումն ինքնաբուխ էր. Տիգրան Գեւորգյանը նախապես որոշել էր դա անել այլ վայրում, այլ միջավայրում՝ մի քանի օր անց: Բայց արարողության մեկնարկից 30 րոպե առաջ որոշեց, որ դա անելու է հենց այդ օրը:

«Ի՞նչն ինձ ստիպեց ամուսնության առաջարկություն անել հենց այդ օրը, հենց այդ վայրում: Մինչեւ հիմա այդ հարցի պատասխանը չունեմ»,- խոստովանում է Տիգրանը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Տիգրան Գեւորգյանը նշեց, որ նման որոշում կայացնելու հարցում նրան օգնել է ընկերը՝ Արտուշ Գրիգորյանը. մեկ այլ շրջանավարտ, որին նույնպես կարելի է տեսնել համացանցում տարածված տեսանյութում: Տիգրանի խոսքով՝ Լիլիթի հետ վաղուց էին որոշել, որ եթե մի օր ամուսնանան, Արտուշն իրենց խաչեղբայրն է լինելու:

Տիգրանը նշեց, որ Լիլիթին ամուսնության առաջարկություն անելիս շատ հուզված ու շփոթված էր, այդ պահին ոչինչ չէր տեսնում շուրջը եւ չէր մտածում այն մասին, որ հարյուրավոր հյուրեր իրեն են դիտում, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ պահին շուրջս ոչինչ չէի լսում եւ չէի տեսնում: Ամբողջ աշխարհը կարծես դադարել էր գոյություն ունենալ: Պարզապես Լիլիթին ասացի այն, ինչ ուզում էի ասել: Իսկ շրջապատի արձագանքը, ծափահարություններն արդեն տեսա տեսագրությունում: Լիլիթը նույնպես հետո խոստովանեց, որ այնքան հուզված էր, որ նույնիսկ չնկատեց, որ ծնկի իջա, երբ մատանին պարզեցի»,- պատմեց Տիգրանը:

Զույգը հարսանիքի օրը դեռեւս չի որոշել, փոխարենն արդեն կողմնորոշվել են ապագայի ծրագրերի հարցում. գերազանցությամբ բուհն ավարտած Տիգրանը սրտաբան է դառնալու. նա արդեն պայմանավորվածություն ունի «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոցում օրդինատուրա անցնելու շուրջ: Իսկ Լիլիթը մանկական գինեկոլոգ է դառնալու:

«Ծրագրում ենք Հայաստանում մնալ: Կփորձենք մեր ուժերի չափով ինչ-որ բան փոխել երկրում եւ այնպես անել, որ մարդիկ ավելի մեծ վստահություն ունենան բժիշկների հանդեպ»,- պատմեց Տիգրանը:



© NEWS.am Medicine