Կանոնավոր սեքսն օգնում է կանանց երիտասարդության պահպանմանը

23:49   14 հուլիսի, 2017

Կանոնավոր սեքսը, շաբաթական մեկ անգամից ոչ պակաս, կնոջ օրգանիզմում ծերացման պրոցեսները դանդաղեցնում է, նույնիսկ եթե կինը սեքսից հաճույք չի ստանում: Այս մասին հայտնում են Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները:

Նրանց հետազոտությամբ պարզվել է, որ կանոնավոր սեքսը տելոմերները երկարեցնում է. քրոմոսոմների ծայրամասերի հատվածներ, որոնք ծերացմանը զուգահեռ կարճանում են: Դրանց երկարությունը օրգանիզմի իսկական տարիքի հուսալի ցուցանիշ է:

Հայտնի է, որ տելոմերները երկարեցնում է հատկապես սեքսը` ինտիմ կյանքից բավարարվածության աստիճանը էական դերակատարում չունի: Գիտնականների խոսքով` սեքսը ճնշում է սթրեսը, որը կարճացնում է տելոմերները, եւ ակտիվացնում իմունիտետը: Փորձագետները վերլուծել են երկարատեւ հարաբերությունների մեջ գտնվող 129 մայրերի անձնական կյանքը, զուգընկերոջ աջակցության աստիճանը, հարաբերություններում վեճերի առկայությունը, հարաբերություններով բավարարվածության եւ սթրեսի մակարդակը: Նաեւ արյուն է վերցվել տելոմերների երկարության անալիզի համար:

Եզրակացությունները միանշանակ են` շաբաթվա ընթացքում նվազագույնը սեռական մեկ հարաբերություն ունեցած կանանց տելոմերներն ավելի երկար են եղել: Մնացած գործոնները տելոմերների երկարության վրա չեն ազդել: Ինչպես գիտնականներն են ընդգծում, կանոնավորապես սեքսով զբաղվող կանայք ոչ միայն դանդաղ են ծերանում, այլեւ պաշտպանված են քրոնիկական դեգեներատիվ հիվանդություններից, վաղաժամ մահվանից:



© NEWS.am Medicine