«Աստղիկ» ԲԿ-ում առաջին անգամ լապարոսկոպիկ մեթոդով հեմիկոլէկտոմիա է կատարվել

12:24   15 հուլիսի, 2017

«Աստղիկ» բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարոսկոպիկ մեթոդով կատարվել է աջակողմյան հեմիկոլէկտոմիա (խթաղու մի մասի հեռացում): Ինչպես NEWS.am Medcine-ի հետ զրույցում պարզաբանեց «Աստղիկ» ԲԿ-ի Էնդոսկոպիկ վիրաբուժության ղեկավար, բգթ Վարդան Բորոզանը, սա բավականին ծավալուն վիրահատություն է, Հայաստանում այն ավանդաբար բաց եղանակով են կատարում՝ չնայած արտասահմանում լապարոսկոպիկ հեմիկոլէկտոմիան արդեն բավականին վաղուց է ներդրված:

Բժիշկը նշեց, որ հիվանդ կնոջ մոտ կույր աղու չարորակ ուռուցք էր առաջացել, այն հեռացրել են ավշային հանգույցների հետ միասին եւ իլեո-տրանսվերզ բերանակցում են դրել: Ստոմա դնելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ կնոջ մոտ աղիքային անանցանելիություն չկար:

Հաջորդ օրն արդեն հիվանդը քայլել է: Հիստոլոգիական հետազոտության տվյալները ստանալուց հետո որոշում կընդունվի քիմիաթերապիայի անհրաժեշտության մասին: Հիշեցնենք, որ «Աստղիկ» ԲԿ-ում գործում է նաեւ քիմիաթերապիայի բաժանմունք, եւ քաղցկեղի ախտորոշման դեպքում թումոր-բորդ է հրավիրվում:

Վարդան Բորոզանը հավելեց, որ նկարագրված դեպքում վիրահատությունը լապարոտոմիայի բոլոր առավելություններն ուներ` բաց վիրահատության համեմատությամբ. քիչ վնասվածքայնություն, կարերի բացակայություն, հետվիրահատական արագ վերականգնում:

Ծառայության ղեկավարը նշեց, որ իր ծառայությունը կատարում է լապարոսկոպիկ վիրահատությունների գործնականում ամբողջ ծավալը` դա ե´ւ խոլեցիստէկտոմիան է, ե´ւ կույր աղու ոստանման ելունի հեռացումը, ե´ւ ճողվածքների հեռացումը, ե´ւ լյարդից էխինակոկերի հեռացումը: Կատարվում է ուրոլոգիայում եւ գինեկոլոգիայում լապարոսկոպիկ վիրահատությունների մեծ սպեկտր: Լապարոսկոպիան հաջողությամբ կիրառվում է նաեւ  որովայնային խոռոչի պաթոլոգիաների ավելի ճշգրիտ ախտորոշման համար:

«Աստղիկ» ԲԿ-ի լապարոսկոպիկ ծառայության եւս մեկ ուղղությունն է բարիաթրիկ վիրաբուժությունը:

 



© NEWS.am Medicine