Սեւ պաղպաղակը նվազեցնում է հակաբեղմնավորիչների արդյունավետությունը

20:32   14 հուլիսի, 2017

Հանրաճանաչություն ձեռք բերող սեւ պաղպաղակը կարող է նվազեցնել հակաբեղմնավորիչների արդյունավետությունը եւ անցանկալի հղիության հանգեցնել դրա բաղադրության մեջ մտնող ակտիվացված ածուխի պատճառով:

Ակտիվացված ածուխով պաղպաղակը, որը յուրահատուկ սեւ գույն ունի, ավելի հանրաճանաչ է դառնում, հատկապես  առողջ կենսակերպի հետեւորդների շրջանում: Սակայն հիմա Մեծ Բրիտանիայում միջնորդագիր է հայտնվել, որը սեւ պաղպաղակ արտադրողներից պահանջում է փաթեթների վրա նախազգուշացնող գրառում տեղադրել, որ  պաղպաղակի օգտագործումը կարող է նվազեցնել օրալ հակաբեղմնավորիչների արդյունավետությունը:

Տասնյակ տարիներ ակտիվացված ածուխը հիվանդանոցներում օգտագործվում է հիվանդների դետոքսիկացիայի համար: Ածուխն աբսորբենտ է, իսկ սա նշանակում է, որ այն ասես իր մեջ է ներծծում ստամոքսի տոքսինները: Սակայն այս նույն մեխանիզմը ակտիվացված ածուխին թույլ է տալիս ներծծել նաեւ դեղամիջոցները, այդ թվում` օրալ հակաբեղմնավորիչները: Միջնորդագրում նշված է, որ ակտիվածված ածուխը կարող է նվազեցնել ոչ միայն չպլանավորված հղիության վերահսկման միջոցների արդյունավետությունը, այլեւ այլ դեղարայքների, որոնք նախատեսված են ամենատարբեր խանգարումների դեմ պայքարի համար:

Երկու շաբաթում այս միջնորդագիրը համացանցում հավաքել է գրեթե 20 հազար ստորագրություն: Գինեկոլոգների տվյալներով` ակտիվացված ածուխն իսկապես կարող է նվազեցնել օրալ հակաբեղմնավորիչների արդյունավետությունը, սակայն միայն այն դեպքում, եթե այն մեծ չափաքանակներով են ընդունում: Եթե կինը սեւ պաղպաղակ է վայելում ամսական մեկ անգամ, ոչ մի բանից զգուշանալու կարիք չկա:  Սակայն երբ այս քաղցրավենիքն օգտագործվում է ամեն օր կամ օրական 2 անգամ, ավելի լավ է օրալ հակաբեղմնավորիչներից հրաժարվել, քանի որ դրանց էֆեկտն իսկապես կնվազի:



© NEWS.am Medicine