Կոֆեինը բարելավում է անհաս երեխաների թոքերի վիճակը

20:56   15 հուլիսի, 2017

Կոֆեինն օգնում է բարելավել անհաս երեխաների թոքերի ֆունկցիան, որի էֆեկտը նկատելի է լինում շատ տարիներ հետո: Այս մասին հայտնում են Royal Women's Hospital (Մելբուռն) գիտնականները:

Գիտնականները վերլուծել են 11 տարեկան 142 երեխաների առողջական վիճակը, որոնք նախկինում մասնակցել են մեկ այլ հետազոտության: Նրանք բոլորը ոչ ուշ, քան լույս աշխարհ գալուց հետո 10 օր անց կշռվել են, եւ այդ պահին նրանց քաշը կազմել է 800 գրամից մինչեւ 1,5 կգ: Ավելի ուշ այս երեխաներին 43 շաբաթվա ընթացքում տվել են կամ կոֆեին, կամ պլացեբո: 11 տարի հետո երեխաները շնչառության ծավալի չափման թեստ են անցել: Դրանից բացի, նրանց ծնողները պատմել են իրենց երեխաների թոքերի առողջության մասին:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կոֆեին ստացած երեխաները զգալիորեն ավելի լավ են հաղթահարել շնչառության թեստերը, քան այն երեխաները, որոնք պլացեբո են ստացել: Նրանք նաեւ շոշափելիորեն ավելի լավ են արտաշնչել ստիպողաբար շնչելու դեպքում:

Կոֆեինը պատկանում է մեթիլկսանտին կոչվող դեղերի խմբին, որոնք անհաս երեխաների մոտ  նվազեցնում են ապնոէի արտահայտվածությունը: Այս վտանգավոր խանգարման հետեւանքով փոքրիկները կարճ ժամանակահատվածներով դադարում են շնչել:

Կոֆեինը համարվում է թոքային համակարգի խթանիչ, որը բարելավում է կարճաժամկետ շնչառությունը եւ թոքերի կծկվելու ու ընդարձակվելու հատկությունը: Նմանատիպ բարելավումները կապված են անհաս երեխաների մոտ թոքերի արհեստական օդափոխության անհրաժեշտության նվազեցման հետ:



© NEWS.am Medicine