Շվեյցարացի գիտնականները 3D պրինտերով սիլիկոնային սիրտ են տպագրել

23:49   15 հուլիսի, 2017

Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի գիտնականները 3D պրինտերով տպագրել են սիլիկինային սիրտ։ Այն փափուկ է, ձեւով ու չափով նման մարդու իսկական սրտին։ Ավելին՝ այն կարող է կրճատվել, բայց ՝ ոչ երկար։ 

Արյունը մղելու համար ներկայումս գոյություն ունեցող սարքերը բազմաթիվ թերություններ ունեն, այդ թվում դրանց մեխանիկական մասերը հաճախ են կոտրվում, անպիտան դառնում։ Իրենց մշակման մեջ շվեյցարացի գիտնականները ձգտել են հաշվի առնել բոլոր այդ թերությունները ու արհեստական սիրտը առավելագույնս նմանեցնել իսկականին։

Ամբողջ աշխարհում մոտ 26 մլն մարդ տառապում է սրտի անբավարարությունից, սակայն դոնորական սրտերի պակասի պատճառով նրանցից ընդամենը մի քանիսն են կարողանում նոր օրգան ստանալ։ Արյան շրջանառության արհեստական կոնտուրները սովորաբար ընդամենն օգնում են հիվանդին ապրել մինչեւ վերականգնողական վիրահատություն անելու հնարավորություն հայտնվելը կամ էլ մինչեւ դոնորական սիրտ գտնելը։

Նոր սիլիկոնային սրտի հեղինակ Նիկոլաս Կորսը պատմել է, որ այն կշռում է 390 գրամ ու ունի 679 սմ3 ծավալ։ Այն սիլիկոնային մոնոբլոկ է՝ բարդ ներքին կառուցվածքով, ունի աջ ու ձախ փորոք, ինչպես իսկական սիրտը, չնայած դրանք բաժանված են ոչ թե միջնապատով, այլ լրացուցիչ խցով։ Այդ խուցը փչվում է ու փսկում օդով՝ ճնշման տակ ու պետք է հեղուկը փորոքներից մղելու համար, այսինքն այն կատարում է մարդու սրտամկանների կրճատման ֆունկցիան։ Մշակողների կարծիքով, իրենց հաջողվել է ապահովել, որ արհեստական սիրտն աշխատի մարդու սրտի նման։

Դեռ վաղ է խոսել սիլիկոնային սիրտը հիվանդներին պատվաստելու մասին՝ այդ սիրտը դեռ կարող է միայն 3000 հարված անել, այսինքն աշխատել մոտ 30-45 րոպե։ Դրանից երկար նյութերը, որոնցից այն պատրաստված է, չեն դիմանում ծանրաբեռնվածությանը։

Բայց գիտնականները դեռ իրենց առջեւ նման խնդիր չեն էլ դրել՝ նրանք մտադիր չէին ստեղծել սիրտ, որը կարող է այդքան երկար ծառայել։ Հիմնական նպատակն էր ապացուցել նման սարք ստեղծելու սկզբունքային հնարավորությունը ու մշակել նոր ուղղություն արհեստական օրգանների մշակման ոլորտում։ Հիմա, հավանաբար, պահանջվում է ստեղծել ավելի դիմացկուն նյութ, սիլիկոնի նման, որն ունակ կլինի դիմանալ այնպիսի ինտենսիվ ու երկարաժամկետ ծանրաբեռնվածությունների, որոնք զգում են մարդու իսկական սրտի մկանները։



© NEWS.am Medicine