Ինչպե՞ս են ախտորոշում շագանակագեղձի քաղցկեղը

19:24   17 հուլիսի, 2017

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից մեկն է: Երկրների մեծ մասում այն իր տարածվածությամբ զիջում է միայն թոքերի եւ հաստ աղիքի քաղցկեղին: Ինչպե՞ս են այսօր ախտորոշում այս հիվանդությունը: Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ը զրուցեց ռադիոլոգ Անդրեյ Միշչենկոյի հետ (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան):

Առաջին եւ ամենապարզ թեստը, որը թույլ կտա կանխատեսել հիվանդի մոտ շագանակագեղձի քաղցկեղը կամ դրա առաջացման մեծ հավանականությունը, PSA թեստն է (շագանակագեղձային հատուկ հակածինի մակարդակի հետազոտությունը): Եթե արյան այս կենսաքիմիական անալիզի արդյունքներով ուրոլոգը ենթադրի, որ հիվանդը ռիսկի խմբում է կամ արդեն խնդիրներ ունի, ապա կարող է նրան ՄՌՏ հետազոտության ուղարկել:

«Այսօր ՄՌՏ-ն առանցքային դեր ունի շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ: Ոչ մի հիվանդ, ում մոտ շագանակագեղձի քաղցկեղ են կասկածում, ՄՌՏ կաբինետը չի շրջանցում»,- նշեց ռադիոլոգը:

Մասնագետի պարզաբանմամբ՝ ՄՌ սքանավորումը կարող է օգնել ուռուցքը տեսնելուն, ինչպես նաեւ որոշել նրա «ամենակասկածելի» հատվածը, որից հետո բիոպսիայի միջոցով նմուշ կվերցվի, որը հյուսվածքաբանական անալիզի կուղարկվի: Այս անալիզը կօգնի շատ օգտակար տեղեկություններ ստանալ ուռուցքից վերցված բջիջների մասին, որի արդյունքներով մասնագետները կկարողանան կոնկրետ հիվանդի համար օպտիմալ բուժում ընտրել:

Ռադիոլոգը հավելեց, որ ՄՌՏ-ն այսօր օգտագործվում է ոչ միայն շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման, այլ նաեւ բուժման արդյունավետության գնահատման համար: Իսկ ավելի ուշ, երբ հիվանդի մոտ ռեմիսիա է սկսվում, ՄՌՏ-ն օգտագործում են նրա վիճակի վերահսկման եւ հիվանդության ռեցիդիվի վաղ ախտանշանների հայտնաբերման համար:



© NEWS.am Medicine