Մահացու հիվանդ բրիտանացին մտադիր է Լոնդոնի Գերագույն դատարանից պահանջել կյանքից հեռանալու իրավունք։ AP-ի փոխանցմամբ, 67-ամյա Նոել Կոնվեյը շարժողական նեյրոնների հիվանդություն ունի։ Նա մտադիր է դատարանում վիճարկել էվթանազիայի արգելքը, պատճառաբանելով, որ այն անհամատեղելի է մարդու իրավունքների պաշտպանության հետ։
Կոնվեյի մոտ հիվանդությունն ախտորոշվել է 2014-ին։ Ակնկալվում է, որ նա կմահանա մեկ տարվա ընթացքում։ Նրա խոսքով ինքը վեց ամսից էլ քիչ ժամանակ ունի՝ որոշումներ կայացնելու ունակությունը պահպանելու համար, դրա համար էլ ուզում է «խաղաղ» ու «արժանավայել» մահվան իրավունք ապահովել։ «Ես միեւնույն է մահանալու եմ, բայց ուզում եմ ինքս որոշել երբ ու ինչպես»,- ասել է նա։
Ավելի վաղ Գերագույն դատարանը մերժել էր նույնատիպ միջնորդությունը, նշելով, որ այս հարցի շուրջ վճիռ կայացնելուց առաջ այն պետք է քննարկվի խորհրդարանում։