«Էրեբունի» ԲԿ-ում՝ առաջին անգամ Հայաստանում անցկացվել է հազվադեպ համախտանիշով հիվանդի անոթային բուժում (ֆոտո)

20:28   19 հուլիսի, 2017

Հուլիսի 3-ին կայացած «Էրեբունի» բժշկական կենտրոնի Սրտաբանական կենտրոնի համաժողովում եզակի կլինիկական դեպք է ներկայացվել՝ Բադդ-Կիարիի համախտանիշ:

Հունիսի 30-ին 50 տարեկան Ա.Ն.-ն ծանր վիճակով ընդունվել է «Էրեբունի» ԲԿ հետեւյալ բողոքներով՝ սրտխառնոց, փսխում, փորացավ, հեղձուկ, փորի փքվածություն եւ մեծացում, ընդհանուր թուլություն: Անցկացված կլինիկալաբորատոր (լյարդի տրանսամինազի, բիլիռուբինի մեծացում, լեյկոցիտոզ) եւ գործիքային (բոլյուսային կոնտրաստավորմամբ ՀՏ) հետազոտություններից հետո հիվանդի մոտ հայտնաբերվել է լյարդի հատվածի ստորին սնամեջ երակի կրիտիկական ստենոզ, ասցիտ, հեպատոմեգալիա:

Նկար 1.

Ստորին սնամեջ երակի համակարգից արյունը վերին սնամեջ երակի համակարգ է մատակարարվել կոլատերալի (արյունատար կողմնային ուղիներ) միջոցով: Ախտորոշում է կատարվել՝ 1-ին տիպի Բադդ-Կիարիի համախտանիշ:

Բադդ-Կիարիի համախտանիշը հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է (1:1000000 հաճախականությամբ), որի դեպքում դիտվում է լյարդի երակների օբստրուկցիա՝ ստորին սնամեջ երակ ներհոսելու մակարդակում, որը բերում է լյարդից արյան արտահոսքի խանգարման:

Օբստրուկցիայի 3 տեսակ կա

Հունիսի 7-ին «Էրեբունի» ԲԿ-ի անգիոգրաֆիայի ծառայության էնդովասկուլյար վիրաբույժ  Արսեն Ծատուրյանը կատարել է վերին եւ ստորին սնամեջ երակների ախտորոշիչ անգիոգրաֆիա եւ նեղացումից առաջ ու հետո ճնշման գրադիենտի չափում (սնդիկի սյան PG24 մմ):

Նկար 2 – Անգիոգրաֆիա մինչեւ ստենտավորումը – լյարդի հատվածի ստորին սնամեջ երակի կրիտիկական ստենոզ:

Հունիսի 10-ին հիվանդին ստորին սնամեջ երակի ռեկանալիզացիա եւ ստենտավորում է կատարվել Palmaz ExtraLarge Unmaonted 14-25 մմ տրամագծով ստենտով:

Նկար 3 – Անգիոգրաֆիա լյարդի հատվածի ստորին սնամեջ երակի կրիտիկական ստենոզի ստենտավորումից հետո

Կատարված միջամտությունից հետո հաջորդ օրը հիվանդի վերեւում նշված բողոքները կտրուկ վերացել են. սրտխառնոցը, փոխումը դադարել են, փորի չափերը կտրուկ փոքրացել են, լյարդի տրանսամինազի եւ բիլիռուբինի ցուցանիշները, ինչպես նաեւ լեյկոցիտոզը նվազել են մինչեւ գրեթե նորման: Երրորդ օրը բողոքները լիովին վերացել են, ասցիտ (ՈւՁՀ տվյալներով) չի եղել: Հիվանդը գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Համաշխարհային բժշկական պրակտիկայում Բադդ-Կիարիի համախտանիշի ախտորոշումը չափազանց բարդ է համարվում, քանի որ ՈւՁ հետազոտությամբ լյարդի երակների ստենոզը եւ ստորին սնամեջ երակի օբստրուկցիան հաճախ չի հաջողվում հայտնաբերել:

Աշխարհի առաջատար կլինիկաներում Բադդ-Կիարիի համախտանիշի բուժման համար էնդովասկուլյար մեթոդն օգտագործվում է 2010 թվականից եւ այսօր համարվում է այս պաթոլոգիայի բուժման առաջին թերապեւտիկ ընտրությունը, քանի որ արմատական է եւ քիչ ինվազիվ: Ներլյարդային հատվածում ստորին սնամեջ երակի այսպիսի միջամտություն կատարելիս անոթի պայթելու հավանականությունը բավականին բարձր է եւ մեծ վարպետություն ու պրոֆեսիոնալիզմ է պահանջում:



© NEWS.am Medicine