Վրաստանում Դենգե վիրուսի՝ 2017 թվականի առաջին դեպքն է արձանագրվել

13:01   20 հուլիսի, 2017

Վրաստանի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Բոլնիսի շրջանում Դենգե վիրուսի՝ 2017 թվականի առաջին դեպքն է արձանագրվել, հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաալիքը:

Վտանգավոր վիրուսով վարակվել է Ֆազիսի գյուղից մի երիտասարդ: Բոլնիսիի հանրային առողջապահական կենտրոնի տեղեկացմամբ՝ հիվանդի մոտ վիրուսի թեթեւ տեսակն է. երիտասարդն արդեն գրեթե առողջացել է:

Արդեն մասնագետների խումբ է մեկնել Բոլնիսի, որոնք 10 օր կաշխատեն շրջանում: Եթե վիրուսը փոխանցողներ գտնեն, ախտահանման աշխատանքներ կիրականացնեն:

Դենգե վիրուսի փոխանցողներ են համարվում էգ մոծակները, հիմնականում՝ Aedes aegypti տեսակի: Դենգեն լայնորեն տարածված է արեւադարձային շրջաններում: Դենգե վիրուսով հիվանդանում են ինչպես նորածին եւ մանուկ երեխաները, այնպես էլ մեծահասակները, բայց այն հազվադեպ է մահվան հանգեցնում:

Դենգե վիրուսի առաջին դեպքը Վրաստանում արձանագրվել է 2013 թվականին, իսկ հետո՝ 2016-ին:

Դենգեի հիմնական ախտանշաններն են. բարձր՝ մինչեւ 40 աստիճան ջերմություն, ուժեղ գլխացավ, աչքերի շրջանում ցավ, մկանային եւ հոդացավեր, սրտխառնոց, ավշային հանգույցների մեծացում կամ ցան:

Մինչեւ 1970 թվականը ծանր Դենգեյի համաճարակ արձանագրվել է միայն 9 երկրում: Ներկայում հիվանդությունը համաճարակային է Աֆրիկայի, Ամերիկայի, Արեւելյան Միջերկրածովյան շրջանի եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածի ավելի քան 100 երկրներում:



© NEWS.am Medicine