Բրիտանացի մահացու հիվանդ փոքրիկին ԱՄՆ քաղաքացիություն են տվել՝ փորձարարական բուժման համար

19:44   20 հուլիսի, 2017

ԱՄՆ Կոնգրեսը քաղաքացիություն է տվել բրիտանացի 11 ամսական Չարլի Հարդին եւ նրա ծնողներին, որպեսզի նա կարողանա ամերիկյան կլինիկայում փորձարարական բուժման կուրս անցնել, հայտնում է Independent պարբերականը: Բրիտանացի բժիշկները նրա դեպքն անբուժելի են համարում եւ պատրաստվում են երեխային անջատել կենսապահովման սարքերից:

Ավելի վաղ Չարլի Հարդի ծնողներին մի քանի օր էին տվել նոր ապացույցներ ներկայացնելու համար, որ ԱՄՆ-ում փորձարարական բուժումը երեխային կօգնի: Independent-ի տեղեկություններով՝ դատարանում հանդես է եկել Կոլումբիայի համալսարանի ամերիկացի գիտնական նյարդաբան Միչիո Հիրանոն, որը, իր խոսքով, 5 ժամ ջանացել է դատարանին համոզել, որ փորձարարական նուկլեոզիդային թերապիայի օգտագործման դեպքում տղայի վիճակը բարելավելու մոտ 10 տոկոսի հնարավորություն կա, եւ այս հնարավորությունը պետք է օգտագործել:

Հիվանդանոցի ներկայացուցիչները, որտեղ այժմ Չարլին գտնվում է, ասում են, որ գիտնականի տեղեկությունները զուտ տեսական բնույթ են կրում: ԱՄՆ քաղաքացիություն ստանալով՝ տղայի ծնողներն, ամենայն հավանականությամբ, նրան ԱՄՆ բուժվելու կտանեն առանց բրիտանացի բժիշկների թույլտվությունն ստանալու անհրաժեշտության:

Չարլի Հարդը ծնվել է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ՝ միտոքոնդրիումային ԴՆԹ-ի հյուծման համախտանիշով: Բժիշկները հայտնել են, որ այս պահին հիվանդությունն արդեն երեխայի ուղեղում անշրջելի քայքայում է առաջացրել: Դրանից հետո բրիտանական դատարանը, իսկ այնուհետեւ նաեւ ՄԻԵԴ-ը որոշել են Չարլիին անջատել կենսապահովման սարքերից, որպեսզի չերկարացնեն դատապարտված տղայի տառապանքները: Ամերիկացի գիտնականները փորձարարական բուժում են առաջարկել:



© NEWS.am Medicine