Մարզումները տղամարդկանց օգնում են նիհարել, կանանց՝ ոչ. հետազոտություն

18:43   21 հուլիսի, 2017

Մարզումների արդյունավետությունը կախված է սեռից. մարզումները տղամարդկանց կարող են օգնել նիհարել, իսկ կանանց՝ ոչ: Նման եզրահանգման են եկել Colorado University-ի գիտնականները:

Մկների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, թե տարբեր սեռի ներկայացուցիչների պարագայում որքան տարբեր են մարզումների արդյունքները: Հավանաբար, դա կապված է ուղեղի կառուցվածքի առանձնահատկությունների հետ, որոնք տարբեր արձագանք են առաջացնում տղամարդկանց եւ կանանց մոտ: Գոյություն ունեն նաեւ հորմոնալ ազդակների տարբերություններ, որոնք ազդում են ախորժակի վրա:

Փորձի ընթացքում գիտնականները արուներին եւ էգերին յուղոտ սննդով են կերակրել, իսկ հետո որոշ կենդանիների ստիպել վազել անիվի վրա: Այս մարզումները քաշ չհավաքելուն օգնել են միայն արուների պարագայում: 10 շաբաթ տեւած մարզումներից հետո արուները սկսել են ավելի քիչ ուտել, հետեւաբար՝ քիչ քաշ են հավաքել: Իսկ էգերի պարագայում պատկերն այլ է գրանցվել. մարզվող եւ չմարզվող խմբերում արդյունքը նույնն է եղել: Իսկ երբ կենդանիներին սկսել են դիետիկ սնունդ տալ, արուներն ավելի արագ են նիհարել, քան էգերը:

Փորձագետների կարծիքով՝ նույն մեխանիզմն է գործում նաեւ մարդկանց պարագայում:



© NEWS.am Medicine