Մալայանն առաջարկել է ՀԱՆ Աչքի շրջիկ կլինիկան թանգարանի վերածել

15:56   24 հուլիսի, 2017

Հայաստանի գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանն առաջարկում է Հայկական ակնաբուժության նախագծի շարժական կլինիկան թանգարանի վերածել: Ելույթ ունենալով Նախագծի 25-ամյակին նվիրված 15-րդ միջազգային համաժողովի բացման ժամանակ՝ Ալեքանդր Մալայանը նշեց, որ կցանկանար Հայաստանի մարզերում ակնաբուժությունն այնքան զարգացած տեսնել, որպեսզի շարժական կլինիկայի կարիք չլիներ: Իսկ շարժական կլինիկան, նրա խոսքով, պետք է թանգարանի վերածել:

Հիշեցնենք, որ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում 2003 թվականից յուրահատուկ Աչքի շրջիկ կլինիկան՝ անիվների վրա ինքնատիպ հիվանդանոց, որը հագեցած է ախտորոշման եւ վիրահատական բուժման ժամանակակից սարքավորումներով, ուղեւորվում է Հայաստանի մարզեր եւ տեղում բարձրորակ օգնություն ցույց տալիս:

Հայկական ակնաբուժության նախագծի հայկական գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մեկ օր առաջ ՀԱՆ 25-ամյակի շրջանակում Կապանում ժամանակակից աչքի կենտրոն է բացվել, ավելի վաղ եւս 2 նման կենտրոններ էին բացվել Իջեւանում եւ Սպիտակում: Նա նշեց, որ ծրագրվում է եւս 2 այսպիսի մարզային կենտրոնների բացում, եւ ժամանակի ընթացքում Շրջիկ կլինիկան կփոխարինվի մշտապես գործող նորագույն սարքավորումներով աչքի կենտրոններով, եւ սա Հայաստանի մարզերում ակնաբուժական ծառայությունների լավագույն հասանելիություն կապահովի: Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում 2 գործող կենտրոններն արդեն 1000 վիրահատություն են կատարել:



© NEWS.am Medicine