Մինչեւ տարեվերջ խորհրդարան կուղարկվեն դիակային դոնորության վերաբերյալ օրենսդրական առաջարկներ. նախարար

17:01   24 հուլիսի, 2017

Առողջապահության նախարարությունը օրենսդրական փոփոխություններ է մշակում, որոնք թույլ կտան Հայաստանում դիակային դոնորների օրգանների փոխպատվաստման պրակտիկա ներդնել: Այս մասին Հայկական ակնաբուժության նախագծի համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Ի պատասխան Հայաստանում եւ արտասահմանում ակնաբուժության մակարդակների համեմատություն կատարելու խնդրանքին՝ նախարարը նշեց, որ Հայաստանում իրականացվում են ակնաբուժական գործնականում բոլոր միջամտությունները՝ գուցե դիակային դոնորից ալլոփոխպատվաստման բացառությամբ: Նա հավելեց, որ նման վիրահատությունները չեն կատարվում ոչ թե հայ բժիշկների չկարողանալու, այլ համապատասխան օրենսդրության բացակայության պատճառով: Նախարարը հավելեց, որ այս հարցը ներկայումս քննարկվում է խորհրդրանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ, եւ մինչեւ տարեվերջ Առողջապահության նախարարությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա: «Սա վերաբերում է ոչ միայն աչքի, այլ բոլոր օրգանների փոխպատվաստմանը»,- հավելեց նախարարը:

Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը լրագրողներին հայտնեց, որ հայկական գործող օրենսդրությունը թույլ չի տալիս հյուսվածքներ եւ օրգաններ վերցնել հանգուցյալ դոնորներից: Նրա խոսքով՝ Հայաստանում, սակայն, աչքի հյուսվածքների փոխպատվաստումներն արդեն մի քանի տարի իրականացվում են, ուղղակի փոխպատվաստն արտասահմանից են ներկրում:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Հայաստանում մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովը՝ 15 երկրներից արտասահմանյան հյուրերի մասնակցությամբ:



© NEWS.am Medicine