Ռուսաստանում հեռաբժշկության մասին օրենք են ընդունել

19:58   25 հուլիսի, 2017

ՌԴ Դաշնային խորհուրդը հուլիսի 25-ին հավանության է արժանացրել հեռաբժշկության մասին օրենքը: Այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:

Օրենքը թույլ կտա հեռաբժշկության տեխնոլոգիաները կիրառել՝ հիվանդության ախտորոշման, կանխարգելման, հիվանդի առողջական վիճակի մոնիթորինգի հարցերով խորհրդատվություն անցկացնելու համար:

Ռուսաստանում Միասնական պետական տեղեկատվական համակարգ կստեղծվի, որին կմիանան առողջապահական ոլորտի բոլոր հաստատությունները: Երկրի առողջապահության նախարարության մասնագետների գնահատմամբ՝ այս համակարգի ստեղծման եւ զարգացման համար տարեկան շուրջ 750 մլն ռուբլի բյուջետային ներդրումներ են անհրաժեշտ:

Միասնական պետական տեղեկատվական համակարգը կապահովի էլեկտրոնային բժշկական քարտերի ձեւավորումը, ինչպես նաեւ հազվադեպ հիվանդություններով տառապող հիվանդների գրանցումը: Օրենքում սահմանվում են համակարգի օպերատորը, դրա կազմը, գործունեության հիմքերն ու տեղեկատվական այլ համակարգերի հետ փոխգործակցությունը, ինչպես նաեւ տեղեկատվություն տրամադրողներն ու դրանից օգտվողները:

Նոր օրենքը մեկ միասնական համակարգում կմիավորի տարածաշրջանային ծրագրերն ու «հեռաբժշկության հատվածները»: Օրենքը նաեւ հաստատում է էլեկտրոնային դեղատոմսերի տրամադրման հնարավորությունը, որոնց միջոցով հնարավոր կլինի թմրանյութ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղորայք ստանալ: 



© NEWS.am Medicine