Ձվի սպիտակուցի մարդկային անալոգը կարող է սպանել քաղցեղային բջիջները

20:54   25 հուլիսի, 2017

Հավի ձվերի մարդկային անալոգի՝ ալբումինի սպիտակուցի մոլեկուլները կարելի է օգտագործել հատուկ գենետիկ ազդանշանները քաղցկեղային բջիջներ հասցնելու համար, որոնք ստիպում են նրանց ինքնաոչնչանալ կամ կանգնեցնում են դրանց բազմացումը, ասվում է PNAS ամսագրում հրապարակված հոդվածում։

«Մենք օգտագործել ենք ալբումինը որովհետեւ այն ամենատարածված սպիտակուցն է մարդու արյան մեջ։ Մեր ՌՆԹ մոլեկուլները կարող են միանալ ալբումինի ներսում հատուկ «ճարպային գրպանին», ինչը դրանց թույլ է տալիս մի քանի օր ապրել արյան հոսքում այլ ոչ թե անհետանալ օրգանիզմից երկու րոպե անց, երբ հասնում են երիկամներին»,- բացատրում է Քրեյգ Դյուվալը Նեշվիլի Վանդերբիլտի համալսարանից։

 Դյուվալը նշում է, որ ալբումինի մոլեկուլները պարունակում են հատուկ «գրպաններ», որոնց ներսում սպիտակուցը սովորաբար փոխադրում է զանազան ճարպեր ու այլ երկար մոլեկուլներ, դրանք արյան հոսքից տեղափոխելով բջջի մեջ ու հակառակը։ Այդ «գրպանները», ինչպես ենթադրել են գիտնականները, կարող են բավականաչափ մեծ լինել որպեսզի իրենց մեջ տեղափոխեն նաեւ կարճ ՌՆԹ, որոնք ճարպերի մոլեկուլներ են «ձեւանում» ու դրանց նման են իրենց ձեւով։

Քաղցկեղի բուժմանը նման մոտեցումը ստուգելու համար գիտնականները ստացել են կրծքագեղձի ուռուցքի մի քանի կտորներ, որոնց մի մասը նրանք մշակել են «սովորական» նանոմասնիկներով, իսկ մյուսներըր՝ ՌՆԹ-ի ու ալբումինի խառնուրդով։

Փորձարկումները ցույց են տվել, որ ալբումինը ու ՌՆԹ-ն ներթափանցել են բոլոր քաղցկեղային բջիջների մեջ ու անջատել այն գեները, որոնք ստիպում են քաղցկեղային բջիջներին անվերահսկելիորեն բազմանալ։ Նանոմասնիկները կարողացել են ճնշել այդ գեները միայն բջիջների 60 տոկոսում, ինչի շնորհիվ ուռուցքը չի կորցրել թերապիային դիմադրելու ու աճը շարունակելու ունակությունը։ Ընդհանուր առմամբ ալբումինային «փաթեթավորումով» ՌՆԹ մասնիկները ներգործել են ուռուցքի վրա եռակի ուժեղ, քան ՌՆԹ–ն՝ նանոմասնիկների համադրությամբ։

 «Այս մոտեցման մեջ ամենազարմանալին այն է, որ այն ոչ միայն բարելավում է ՌՆԹ մոլեկուլների ներթափանցումը ուռուցքի մեջ, այլ միաժամանակ բոլորովին ոչ տոքսիկ է նույնիսկ ամենաբարձր չափաբաժինների դեպքում։ Դա թույլ է տալիս օգտագործել առաքման նման համակարգը գեների մեծ քանակություն արգելափակելու համար, ինչը անհրաժեշտ է այն ուռուցքների դեմ պայքարի համար, որոնք կարողանում են հարմարվել նման բուժակարգերին»,- ամփոփում է Դանա Բրանթլի Սիդերսը, Դյուվալի համալսարանական գործընկերը։



© NEWS.am Medicine