Բրիտանացին պահանջում է Բեքհեմին նմանվելու պլաստիկ վիրահատությունները բյուջեի հաշվին կատարել (ֆոտո)

13:25   27 հուլիսի, 2017

Բրիտանացի Ջեք Ջոնսոնը, որը Դեւիդ Բեքհեմին նմանվելու համար պլաստիկ վիրահատությունների վրա 20 հազար ֆունտ է ծախսել, դժգոհում է մշտական դեպրեսիայից: Իսկ սա նշանակում է, որ հարկատուները ստիպված կլինեն վճարել նրա արտաքինի մնացյալ բոլոր փոփոխությունների համար:

Հանուն Դեւիդ Բեքհեմի արտաքինի տղամարդը պլաստիկ վիրահատությունների համար 20 հազար ֆունտ է ծախսել: Նա կարծում է, որ իր հաջորդ ռինոպլաստիկայի համար պետք է հարկատուները վճարեն, քանի որ սեփական «անկատար արտաքինն» իր մոտ դեպրեսիա է առաջացնում: Անգլիայում սովորաբար պլաստիկայի համար հիվանդներն են վճարում, բայց եթե մարդն ապացուցի, որ ինքը դեպրեսիա է տանում կամ ինքնասպանության մտքեր ունի սեփական արտաքինի պատճառով, ապա այդ դեպքում կոսմետիկ վիրաբուժությունը նրա բուժման համար ցուցում է համարվում, եւ ծախսերը հարկատուներն են ստանձնում: Ջեք Ջոնսոնը կարծում է, որ մնացած ամբողջ կյանքում նա պետք է պլաստիկա կատարի բյուջեի հաշվին:

Ջոնսոնը նախապես ասում էր, որ ցանկանում է Դեւիդ Բեքհեմին նմանվել, եւ դրանով իր վրա էր գրավել մամուլի ուշադրությունը: Հիմա նա պնդում է, որ անտարբեր է ֆուտբոլիստի արտաքինի հանդեպ, սակայն բարդույթներով է տառապում սեփական արտաքինի պատճառով: Իսկ քանի որ նա տառապում է, ապա հարկատուները պետք է փող տրամադրեն նոր պլաստիկ վիրահատությունների համար:

«Այո, իմ ապրելու կերպը բյուջեից է վճարվում, եւ այդպես կլինի նաեւ հետագայում,- հայտարարել է Ջեքը: - Ինձ չափավոր դեպրեսիա են ախտորոշել, բայց դա դեպրեսիա է: Ինչո՞ւ պիտի ես աշխատեմ, եթե կարող եմ վարել Դեւիդ Բեքհեմի կենսակերպը եւ տանը մնալ»:

Դեպրեսիան կարող է համարվել հաշմանդամության պատճառ, եւ բրիտանական օրենքներով նպաստ է վճարվում, քանի որ այն առողջության վրա երկարաժամկետ բացասական ազդեցություն է ունենում: Նպաստից բացի, բյուջեն փոխհատուցում է նաեւ բուժման բոլոր ծախսերը, այդ թվում՝ սեփական ինքնավստահությունը բարձրացնելու համար պլաստիկ վիրահատությունների դիմաց:

 



© NEWS.am Medicine