Կազմել են ծերությունն անցկացնելու համար ամենահարմար երկրների վարկանիշը

11:52   27 հուլիսի, 2017

ԱՄՆ-ի Կոլումբիական համալսարանի գիտնականները կազմել են այն երկրներր վարկանիշը, որտեղ լավագույն պայմաններն են ստեղծված տարեցների համար, գրում է EurekAlert! կայքը:

Վարկանիշը կազմողները հիմք են ընդունել հինգ հիմնական չափանիշ. անվտանգություն, առողջապահություն, հարուստների եւ աղքատների միջեւ տնտեսական տարբերություն, աշխատանքային ռեսուրսների արտադրողականություն եւ սերունդների միջեւ կապ:

Տարեցների համար առավել բարենպաստ պայմաններ ունեցող պետությունների առաջին տասնյակում հայտնվել են Նորվեգիան, Շվեդիան, ԱՄՆ-ն, Նիդեռլանդները, Ճապոնիան, Իռլանդիան, Դանիան, Գերմանիան, Ֆինլանդիան եւ Իսպանիան: Ընդհանուր առմամբ՝ վարկանիշում 30 պետություն է ներառվել: Նախկին ԽՍՀՄ պետություններից վարկանիշում ամենաբարձր տեղը զբաղեցրել է Էստոնիան՝ 16-րդ հորիզոնական:

«Վարկանիշը հստակ ներկայացնում է այն, թե հասարակությունը որքան լավ է հարմարվում ծերության խնդրին: Օգտագործելով հստակ տնտեսական եւ սոցիալական ցուցանիշներ՝ կարելի է բոլոր կողմերից դիտարկել տարեցների համար ինչպես ընթացիկ պայմանները, այնպես էլ հնարավոր ապագա ժողովրդագրական իրողությունները»,- ասել է պրոֆեսոր Դանա Գոլդմանը:

Հետազոտության համահեղինակ Ջոն Ռոուն նշել է, որ ծերացող բնակչության համար հարմարավետ պայմաններ ստեղծելու անկարողությունը «ռիսկային ռազմավարություն է երկրի համար»:



© NEWS.am Medicine