ԴՆԹ-ից յուրահատուկ արեւապաշտպան կրեմ է ստեղծվել

17:02   27 հուլիսի, 2017

Բինգեմթոնի համալսարանի եւ Նյու Յորքի պետական համալսարանի ամերիկացի գիտնականները ԴՆԹ-ից պատրաստված ծածկ են պատրաստել, որը մաշկն ավելի լավ է պաշտպանում ուլտրամանուշակագույն լույսից: Որքան այն շատ են ենթարկում արեւի ազդեցությանը, այնքան ավելի արդյունավետ է դառնում, եւ այդ ընթացքում մաշկը խոնավ է պահում, փոխանցում է EurekAlert!-ը:

«Ուլտրամանուշակագույն լույսը կարող է, փաստորեն, ԴՆԹ-ն վնասել, եւ սա մաշկի համար վատ է: Մենք մտածում էինք… ի՞նչ տեղի կունենա, եթե ԴՆԹ-ն օգտագործենք որպես զոհի շերտ: Այդ պատճառով մաշկի ներսում ԴՆԹ-ի վնասման փոխարեն մենք որոշեցինք վնասել մաշկից վերեւ գտնվող շերտը»,- ասել է առաջատար հետազոտող Գայ Գերմանը: Փորձագետները ԴՆԹ-ից մշակել են բարակ, օպտիկականորեն թափանցիկ բյուրեղյա թաղանթ եւ այն ճառագայթահարել ուլտրամանուշակագույն լույսով: Նրանք հայտնաբերել են, որ որքան շատ են թաղանթը բացում ուլտրամանուշակագույն ճառագայթման համար, այնքան այն ավելի լավ է կլանվում:

«Այսինքն՝ սա արեւապաշտպան կրեմ է, որն այնքան է լավանում որպես արեւապաշտպան կրեմ, որքան ավելի երկար եք լողափում մնում»,- ասում են հեղինակները:

Բացի այդ՝ ԴՆԹ-ից նման ծածկը խոնավածուծ է, ինչը նշանակում է, որ նման թաղանթներով ծածկված մաշկը կարող է ջուրն ավելի լավ պահպանել եւ զսպել: Մարդու մաշկին անցկացնելիս այն կարող է ջրի գոլորշիացումը դանդաղեցնել: Գիտնականները պնդում են, որ նոր նյութը կարող է պիտանի լինել մի քանի դեպքերում. օրինակ՝ դուք ցանկանում եք վերքը ապաքինել՝ վիրակապը չհանելով, դուք ցանկանում եք վերքն արեւից պաշտպանել, ցանկանում եք վերքը խոնավ միջավայրում պահել, որն, ինչպես հայտնի է, նպաստում է վերքերի ավելի արագ ապաքինմանը:

«Մենք կարծում ենք, որ այս ծածկը կարող է օգտակար հատկություններ ունենալ ոչ միայն որպես արեւապաշտպան կամ խոնավեցնող կրեմ: Քանի որ այն օպտիկականորեն թափանցիկ է եւ կանխում է արեւի ազդեցությամբ հյուսվածքների վնասումը, նյութը  կարող է մաշկի խոնավությունը պահպանելու լավ միջոց լինել, եւ մենք կարծում ենք, որ հնարավոր է՝ այն պիտանի կլինի շրջակա միջավայրում վերքերը ծածկելու համար»,- հավելել է Գերմանը:



© NEWS.am Medicine